30.06.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2016 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2016 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 22-ին տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ՝ օրակարգային երկու հարցերով:

2016 թ. ֆինանսական տարվա գործունեությունն ամփոփելու նպատակով հունիսի 22-ին գումարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ, որին մասնակցել են 32 անդամներից 28-ը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած՝ ԵՊՀ 2016 թվականի եկամուտ­ների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի վերաբերյալ հաշվետվության և տարեկան գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվության նախագծերը դեռևս մեկ շաբաթ առաջ ուղարկվել էր խորհրդի անդամներին:

 

Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանի փոխանցմամբ՝ 2016 թվականի նախահաշվի կատարողականը պրոֆիցիտային է: Մուտքերի մեջ պետական ֆինանսավորումը կազմել է 26.7%. մասնավորա­պես պետական ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում սովորել է շուրջ 2.500 ուսանող: Վճարովի ուսուցման համակարգում սովորող շուրջ 14.600 ուսանողների հաշվարկով ուսման վարձը կազմել է միջինը 438 հազար դրամ, ինչն ավելի քան 210 հազար դրամով ցածր է պետական բյուջեում ամ­րագրված ուսման վարձի դրույքաչափից: Հարկ է նշել, որ 3320 ուսանողների համար ԵՊՀ-ն զեղչել է ուսման վարձը, և զեղչերի ընդհանուր ծավալը կազմել է 394 միլիոն դրամ:

 

Ծախսերի շուրջ 60%-ը կազմել են աշխատանքի վարձատրության ծախսերը: Միջին ամսական աշխատավարձը 1 մարդու հաշվարկով կազմել է 203.600 դրամ, իսկ նվազագույն աշխա­տավարձը՝ 80 հազար դրամ: Գերակատարվել են բարեգործական ծախսերը, ինչը պայմանա­վորված է Ապրիլյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի կողմից Արցախին ցուցաբերված ֆինան­սական աջակցությամբ, ինչպես նաև պատերազմում զոհված 23 զինծառայողների երեխա­ներին ամենամսյա ֆինանսական աջակցության տրամադրմամբ:

 

Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել ներկայացված հաշվետվությունների նախագծերը և 2016 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ հաշվետվության համառոտ տարբերակը հրապարակել www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում:

 

Օրակարգային մյուս հարցը ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում «Միջմշակութային կրոնագիտական հետազոտությունների կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումն էր: Այդ առաջարկով հոգաբարձուների խորհրդին դիմել էր ԵՊՀ գիտական խորհուրդը: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհուրդը որոշեց բավարարել գի­տխորհրդի միջնորդությունը:

 

Հոգաբարձուների խորհրդի 7-րդ նիստի արձանագրությունը և որոշումները համապատաս­խան հա­վելվածներով տեղադրվել են ԵՊՀ պորտալի «Փաստաթղթեր» կայքում:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: