29.08.2019 | 
Հասարակություն
«ՄԱՆՐԷՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
«ՄԱՆՐԷՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրոսների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հունիսի 30-ից հուլիսի 7-ը մասնակցել են Դուշանբեի ազգային համալսարանում կազմակերպված՝ «Մանրէների բազմազանությունը և կենսատեխնոլոգիան» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի աշխատանքներին:

Ամառային դպրոցը կազմակերպվել էր Բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից տրամադրվող «Մանրէների կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության կրթական ցանց» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

 

Դպրոցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել էքստրեմոֆիլ մանրէների կենսաբանությանն ու կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող արդի հիմնախնդիրներին:

 

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը, որը միջազգային ամառային դպրոցի կազմակերպիչներից էր, մեզ հետ զրույցում ասաց, որ դրա աշխատանքներին մասնակցել են Նորվեգիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարբեր բուհերի ուսանողներ ու դասախոսներ:

 

 

«Ամառային դպրոցն ուսանողների համար կազմակերպել էր նաև գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել են մանրէների բազմազանության ուսումնասիրության ժամանակակից մոլեկուլային մեթոդներ»,- նշեց Հովիկ Փանոսյանը:

 

Նրա փոխանցմամբ, ամառային դպրոցի մասնակիցներն այցելել են նաև Խոջա-Օբի-Գարմ հանքային տաք աղբյուրներ՝ թերմոֆիլ մանրէների բազմազանության ուսումնասիրության համար նմուշառում կատարելու և տեղում նմուշները մշակելու նպատակով:

 

«Մանրէների բազմազանությունը և կենսատեխնոլոգիան» խորագիրը կրող միջազգային ամառային դպրոցի ընթացքում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմինե Մարգարյանն ու Հովիկ Փանոսյանը հանդես են եկել դասախոսություններով:

  

Վերջինիս տեղեկացմամբ, դպրոցի աշխատանքներին ակտիվ մասնակցել են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ Ռազմիկ Պապիկյանը և Տաթև Ամիրխանյանը, որոնք զեկուցմամբ ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները:

 

Ամառային դպրոցի կազմակերպիչ Հովիկ Փանոսյանի խոսքով, մասնակից ուսանողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու և շփվելու կենսաբանության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, ստանալու խորհրդատվություն իրենց հետազոտություններն ավելի արդյունավետ կազմակերպելու համար. «Նմանատիպ միջազգային ամառային դպրոցները ոչ միայն կարևոր են մասնագիտական գիտելիքների ամրապնդման և համալրման առումով, այլև հնարավորություն են ստեղծում միջմշակութային երկխոսության համար»:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
««ԱՍՏՂԱԹԱՓՆ» ԻՄ, ՔՈ, ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԻ ՕՐ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԵՆ». ԱՄԱԼՅԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ, լեզվաբան, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանի հետ զրուցել ենք ժամանակակից գրողների, առաջին գրքի և գրական գործունեության մասին:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է իր նկատառումները ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) մասին: