ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ԵԳԱԾ ղեկավար կազմը մարտի 30-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել է անցած տարվա հաշվետվությունը՝ ամփոփելով 2012-2017 թթ.-ի ԵԳԱԾ-ի գործունեության արդյունքները և նախանշելով առաջիկա նախագծերի հիմնական ուղղությունները:
Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է գիտության մեջ սերնդափոխության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Երիտասարդ գիտնականները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին այս ուղղությամբ դրական տեղաշարժ կա:
Երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը հիմնադրվել է 2012 թ.-ին՝ աջակցելով գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներին:
«Հանդիպման ընթացքում նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնք առավել ուշադրության կարիք ունեն: Մասնավորապես քննարկվել են գիտության երիտասարադացման և սահուն սերնդափոխության հիմնադիրներն ու այդ գործընթացում անհարժեշտ մեխանիզմների ներդրման հարցերը»,- ասում է ԵԳԱԾ ղեկավար կազմի անդամ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:
Ներկայացնելով 2017 թ.-ին ԵԳԱԾ-ի գործունեությունը՝ ծրագրի պատասխանատուներն այն բաժանել են հիմնական ուղղությունների՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների, ինչպես նաև ՀՀ-ում գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների և ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար միանվագ պարգևավճարի տրամադրում, «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթի անցկացում:
«Արտերկրում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին հայ երիտասարդ գիտնականների մասնակցությունը գերակա ուղղություններից է: Յուրաքանչյուր ոք մրցութային կարգով կարող է հայտ ներկայացնել և համապատասխան ֆինանսավորում ստանալ: Գիտական դպրոցների ու սեմինարների կազմակերպման ֆինանսավորման հարցում առաջնություն է տրվել այն միջոցառումներին, որոնց հրավիրված են եղել հանրահայտ մասնագետներ: Այս տարի «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող» մրցույթը կազմակերպվել էր ԳՊԿ-ի հետ, որի շրջանակում բարձր արդյունավետություն գրանցած երիտասարդներին մեկ տարի շարունակ տրամադրվել է նվազագույն աշխատավարձի չափով հավելավճար»,- ներկայացնում է երիտասարդ գիտնականը:
Կ. Խաչատրյանն ընդգծեց նաև, որ ՀՀ նախագահը հրահանգել է մեծ ուշադրություն դարձնել կիրառական գիտություններին, ուստի ԵԳԱԾ անդամները նախատեսում են միջգիտակարգային մի շարք նախագծեր իրականացնել՝ ներառելով գիտության մի շարք բնագավառներ:
Մինչ հաշվետու հանդիպումը ԵԳԱԾ-ի կողմից ծրագրի շահառուների շրջանակում անցկացվել էր նաև հարցում, որի արդյունքում իրականացված նախագծերն ու մրցույթներն արժանացել են բարձր գնահատականի, իսկ առաջարկները կքննարկվեն առաջիկա հանդիպումների ընթացքում:
«Մենք մաքսիմալ թափանցիկ ենք աշխատում: Այսինքն՝ ցանկացած հայտատու կարող է տեսնել, թե տվյալ ծրագրում ինչ ուղղություններ կան, մրցույթում քանի հայտատու է գրանցված: Հաշվի առնելով ծրագրի բյուջեի սահմանափակ լինելը և հայտերի մեծ քանակը՝ ստիպված ենք նաև մերժել որոշ հայտատուների, սակայն պարտադիր հիմնավորում ենք կայացրած որոշումը»,- ամփոփեց ամբիոնի վարիչը և հավելեց, որ 2018 թ.-ին աշխատանքները շարունակվելու են նույն սկզբունքներով ու եռանդով: