19.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՐԵՎՈՐ Է
«Օտար լեզուների իմացությունը կարեւոր պատուհան է աշխարհը նորովի հասկանալու եւ ընկալելու համար»:

Այսպես է կարծում Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ով ներկա էր «Լեզուները կարեւոր են» խորագրով սեմինար-քննարկմանը:

 

Դեկտեմբերի 19-ին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն եւ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (AASE) երիտասարդական թեւը լեզուների միջազգային տարվա շրջանակում կազմակերպել էին սեմինար-քննարկում, որին մասնակցում էին նույն ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ եւ դասախոսներ: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Լենա Ղազարյանը ներկաներին ներկայացրեց սեմինարի կազմակերպման հիմնական նպատակը:

 

«Դարեր շարունակ քաղաքակիրթ հասարակությունը կարեւորել է օտար լեզուների իմացությունը եւ այն համարել է առավելություն: Այսօր համաշխարհայնացման (գլոբալիզացման) գործընթացի համատեքստում աշխարհում գոյություն ունեցող 6000 լեզուների ճնշող մեծամասնությունը իսպառ վերանալու սպառնալիքի տակ են: Այդ պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008 թվականը հռչակել է լեզուների միջազգային տարի»:

 

Ֆակուլտետի ուսանողների կողմից պատրաստած 14 զեկույցներն արտահայտում էին հետեւյալ հիմնական գաղափարը` ինչպես խթանել մեր երկրում բազմալեզվության զարգացումը` պահպանելով մայրենի լեզուն: Այսօր անհետաձգելի անհրաժեշտություն է խրախուսել հասարակության յուրաքանչյուր անդամի, եւ հատկապես երիտասարդությանը սովորելու եւ կիրառելու տարածաշրջանային եւ միջազգային հաղորդակցում ապահովող օտար լեզուներ, որոնք ինքնատիպ մշակույթի կրողներ են եւ կարող են իրենց նպաստը բերելի ինչպես անձի ձեւավորման ու զարգացման, այնպես էլ հասարակության առաջընթացի գործին:

 

Ուսանողները ներկայացրին նաեւ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից միջազգային մակարդակում բազմալեզվության օգտին ընդունված ռազմավարությունների եւ գործողությունների քարոզչության եւ վերահսկման մի քանի հիմնադիր փաստաթղթեր: ՈՒԳԸ-ն պատրաստել էր նաեւ տեսանյութ, որը պատմում էր, թե ինչպես է Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան կառույցը`առաջնորդվելով գործընկերության եւ միջազգային հաղորդակցումը ապահովելու սկզբունքով` փորձում է պահպանել եւ խթանել բազմալեզվությունը: «Ճիշտ է ասված` ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Սակայն մենք պիտի ջանանք, որ օտար լեզուների իմացությունը ծառայի մեր լեզվի, մեր մշակույթի զարգացմանը, եւ չկորցնենք ազգային դիմագիծը»,- սեմինարի ընթացքում հավաքվածներին հորդորեց Սեդա Գասպարյանը:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: