27.12.2016 | 
Հասարակություն
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՎ ԹԱԼԻՇ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԵՎ ԹԱԼԻՇ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում անցկացվեց «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Իրանագիտության ամբիոնի և Թալիշական ազգային շարժման առաջնորդների կողմից կազմակերպված քննարկմանը, բացի համալսարանականներից և հայ իրանագետներից, հեռավար մասնակցում էին նաև Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ադիլ Նասիրովը, Եկատերինբուրգի թալիշական ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Էլշան Հասանովը և Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմին:

 

Հյուրերին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ով կարևորեց նմանաբնույթ հանդիպումներն ու քննարկումները՝ ի շահս տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդների բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման գործընթացի:

 

Հայ գործընկերներին քննարկում կազմակերպելու և թալիշների ձայնը հասանելի դարձնելու համար շնորհակալություն հայտնեց Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան:

 

«Նմանաբնույթ կլոր սեղանները, իսկապես, կարևոր են մեզ համար ուստի երախտապարտ ենք մեր բարեկամ հայերին աջակցության համար: Դեռևս տարիներ առաջ իմ՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը մեծ ազդեցություն ունեցավ Թալիշական ազգային շարժման վրա: Վստահ եմ, որ թալիշների և հայերի միջև գիտական ու մշակութային կապերի հաստատումը կշարունակի նպաստել թալիշ ազգի վերածնման գործընթացին»,- ասաց Ալաքրամ Հումմաթզոդան:

 

ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովն էլ ընդգծեց, որ հայերի ապստամբությունն ու հաղթանակն ադրբեջանական կառավարության դեմ օրինակելի է Ադրբեջանի կազմում գոյատևող ազգերի համար:

 

«Դուք՝ հայերդ, ավելի խելացի գտնվեցիք, քան մենք: Դուք արյան գնով պայքարեցիք բռնապետի դեմ ու, չնայած մեծաթիվ զոհերի, հաղթանակած դուրս եկաք և այսօր պահում, պահպանում ու վայելում եք ձեր ազատությունը»,- ասաց Իսմայիլ Շաբանովը:

 

Քննարկման ընթացքում թալիշ բանախոսները ներկայացրին Թալիշական ազգային շարժման պատմությունը, արդի իրավիճակն ու խնդիրները: Անդրադարձ եղավ նաև ալիևյան կլանի ճիրաններում լուռ ցեղասպանության ենթարկվող ներկայիս թալիշների վիճակին:

 

««Թալիշստանի ձայն» ռադիոկայանը՝ թալիշական շարժման խոսափող» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ նաև Իրանագիտության ամբիոնի դասախոս, «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանը:

 

Թալիշական հարցի միջազգային մոտեցումների, շարժման արդի խնդիրների ու հեռանկարների մասին զեկուցումներ ներկայացրին նաև Իրանագիտության ամբիոնի մյուս դասախոսները:

 

«Այս միջոցառումը, հիրավի, աննախադեպ է: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Իրանագիտության ամբիոնը մեծ ներդրում ունի հայ-թալիշական հարաբերությունների զարգացման գործում, ինչը նպաստում է ոչ միայն երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, այլև տարաշածրջանային խնդիրների կարգավորմանը և գործընթացների զարգացմանը»,- նշում է Վարդան Ոսկանյանը և ավելացնում, որ թալիշ գործիչները բարձր են գնահատում են հայ գործընկերների դերը խնդրի կարգավորման հարցում:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հունվարի 13-ին Մայր բուհի ներկայացուցիչները ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանին նվիրաբերեցին համակարգիչ և գրքեր:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մի քանի օրից բոլորս կամփոփենք անցնող տարին՝ ակնկալելով հույսերով, սիրով ու խաղաղությամբ լեցուն մի նոր տարի: