07.03.2018 | 
Մշակույթ
ԳԱՐՈՒՆ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԱՐՈՒՆ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Լուսանկարիչ, Նյու Յորքի բիենալեի մասնակից Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է լուսանկարչուհու հոր՝ ԵՊՀ դասախոս, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լիպարիտ Մելքոնյանի հիշատակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և կրում է «Գարուն, հավատ, սեր» խորագիրը: Այն կազմակերպվել է ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ:

 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, ինչպես նաև լուսանկարչուհու բարեկամներն ու ընկերները:

 

«ԵՊՀ մշակույթի կենտրոնի որդեգրած քաղաքականության համաձայն՝ այս տարի նույնպես մենք գարունը դիմավորում ենք մշակութային միջոցառմամբ: Այս ցուցադրությունը պատահական չի կազմակերպվել. ԵՊՀ 100-ամյակին ընդառաջ այսօր մեկնարկում ենք անվանի դասախոսներին ներկայացնող միջոցառումների շարք: Տաթևիկ Մելքոնյանը նույնպես մեր համալսարանի շրջանավարտ է, մասնագիտությամբ ֆիզիկոս է»,- ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության սկզբում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

«Իմ աշխատանքների միջոցով ցանկանում եմ Աստծո օրհնությամբ մեր նախնիների ստեղծած հարուստ ժառանգությունը ներկայացնել մեր գալիք սերունդներին, նրանց մեջ սեր ներարկել մեր հայրենի զարմանահրաշ բնության հանդեպ, այդպիսով պատգամելով նրանց պահպանելու այդ անգին հարստությունը»,- ասում է Տաթևիկ Մելքոնյանը, ով ավելի քան 18 տարի է, ինչ զբաղվում է

լուսանկարչությամբ և ունի 100 հազարից ավելի աշխատանքներ:

 

 

Ցուցահանդեսի բացման արարողության գեղարվեստական մասը երգի և պարի կատարումներով ապահովեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

 

Ի դեպ, Տաթևիկ Մելքոնյանի անհատական առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել  2008 թ.-ին Էջմիածնի հին Վեհարանում՝ նվիրված Մյուռոն օրհնեքին: Լուսանկարչուհու աշխատանքները մշտապես հրապարակվում են տարբեր ամսագրերում, գրքերում, ինչպես նաև «Քրիստոնյա Հայաստան» և «Շողակն Արարատյան» թերթերում և Արարատյան թեմի պաշտոնական կայքում:

 

Տեղեկացնենք նաև, որ ցուցադրությունը ԵՊՀ-ում կգործի մեկ ամիս:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: