28.10.2015 | 
Մշակույթ
«THANK YOU, ՀԱՅՐԻ՛Կ». ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ
«THANK YOU, ՀԱՅՐԻ՛Կ». ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ
Հրաչ Քեշիշյանի «Thank You, հայրի՛կ» ֆիլմով ԵՊՀ-ում ամփոփվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշուն» ծրագիրը:

Չորս շաբաթ շարունակ համալսարանականները դիտում ու քննարկում էին հայկական կինոարտադրության ամենաթարմ ֆիլմերը: Առաջինը ցուցադրվեց Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը, որի մասին արդեն պատմել ենք:

 

Այս տարի «Կինոաշունը» նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, իսկ ԵՊՀ-ում ցուցադրված ֆիլմերն առանձնանում էին նրանով, որ ոչ միայն հայաստանյան արտադրության էին, այլև ներկայացնում էին Ցեղասպանությունը օտարերկրացիների աչքերով: Այդպիսի ֆիլմերից էր չեխ ռեժիսոր Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը», որի հիմքում ընկած են չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի՝ հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ աշխատությունները: Այն ցուցադրվել է հոկտեմբերի 14-ին:

 

«Կինոաշուն» ծրագրի շրջանակում Հայոց ցեղասպանության թեման հոկտեմբերի 21-ին շարունակեց ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը, որում նա հետաքրքիր անդրադարձ է անում Հայ դատի առանցքային տարեթվերին: Նա պատկերում է իրադարձություններ, որոնք սկսվում են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունով և ավարտվում են 80-ականներին հայերի զինված պայքարով:

 

Իսկ այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում համալսարանականները հյուրընկալել էին դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանին, որպեսզի դիտեին և քննարկեին նրա մասնակցությամբ «Thank You, հայրի՛կ» գեղարվեստական ֆիլմը:

 

Ֆիլմի գլխավոր հերոսուհին Ամերիկայում ծնված, մեծացած աղջիկ է, ով նույնիսկ չգիտի՝ որտեղ է Հայաստանը և իր հայ լինելու մասին նույնիսկ չի էլ ցանկանում հիշել: Հոր թողած կտակը, սակայն, նրան ստիպում է հասնել Հայաստան և ամուսնանալ Բարգևոս անունով հայի հետ, որպեսզի ստանա 50 մլն դոլար ժառանգությունը: Հենց Հայաստանում էլ նրա մեջ արթնանում է հայի գենը և նրա գլխում ու կյանքում հեղափոխություն կատարում:

 

«Ֆիլմում շատ պարզ խնդիրներ ենք բարձրացրել, որոնք շատ կարևոր են մեզ համար: Այն սերնդին, որը մեծանում է օտար ափերում և, ասենք, ծնողների կողմից հայապահպանական սերմը չի մտնում նրանց մեջ, առաջարկում ենք պարզապես մեկ անգամ ոտք դնել հայրենի հող»,- ասում է Միքայել Պողոսյանը:

 

«Thank You, հայրի՛կ»-ը հայրերին նվիրված եռապատման 3-րդ ֆիլմն է. դրան նախորդել են «Բարի գալուստ» և «Welcome, պապա՛» ներկայացումները: «Հայրերին հիմնականում բաներ չենք նվիրում: Ես շատ վաղ եմ կորցրել հորս, և այդ բացը միշտ եղել է իմ կյանքում: Փորձեցի իմ սերը մեր հայրերի նկատմամբ արտահայտել այս ձևով»,- անկեղծանում է դերասանը, ով նաև ֆիլմի սցենարի համահեղինակն ու պրոդյուսերն է:

 

Ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը կատարում է ազգությամբ իտալուհի դերասանուհի Քրիստա Մարիա Դոնարգոն, ով, հեղինակների խոսքերով, լիովին կարողացավ իր առջև դրված խնդիրը կատարել, ֆիլմի վերջում էլ նույնիսկ հայերեն խոսեց:

 

«Ճիշտն ասած, ես ուզում էի Քիմ Քարդաշյանին առաջարկել այս դերը,- կատակում է Միքայել Պողոսյանը,- որովհետև նա լիովին համապատասախանում էր այդ կերպարին: Ֆիլմից հետո փաստորեն նույնը տեղի ունեցավ. նա ոտք դրեց հայրենի հողին, և նրա մեջ ահագին բաներ փոխվեցին: Երկար ենք փնտրել դերասանուհուն, ի վերջո, Նյու Յորքում գտանք Քրիստային»:

 

«Thank You, հայրի՛կ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թ.-ին, այն շուրջ 4 ամիս մնաց հայաստանյան կինոթատրոնների էկրաններին, մեկ տարվա ընթացքում էլ հասցրեց խոշոր փառատոնների մասնակցել և մրցանակներ շահել: Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» (Окно в Европу) և Տորոնտոյի «Նուռ» (Pomigranate) փառատոններից վերադարձել է գրան պրիներով:

 

«Այսօր մեր հեռուստաընկերությունները հայկական ֆիլմեր համարյա չեն ցուցադրում, ունենք մի քանի կինոթատրոն, և այդ պայմաններում կինո զարգացնելը բարդ գործ է: Արդեն 6 տարի է՝ համագործակցում ենք համալսարանի հետ, և դա եղել է կարևոր ժամանակաշրջան մեզ համար: Մեզ մեծապես աջակցել է ԵՊՀ ղեկավարությունը՝ ապահովելով որակյալ կինոտեխնիկա՝ ցուցադրությունները կազմակերպելու համար»,- ամփոփելով համագործակցությունը՝ նշում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Համբարձումյանը:

 

Հավելենք, որ այս տարի «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում անցկացվում էր նաև գրախոսությունների մրցույթ: Ուսանողներն իրենց դիտած ֆիլմերի մասին գրախոսությունները ներկայացրել են Հայաստանի ազգային կինոկենտրոն: Մրցույթի արդյունքները կանփոփվեն ծրագրի ավարտից հետո, իսկ լավագույնները կպարգևատրվեն:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը: