23.03.2017 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2» ՖԻԼՄԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ 2» ՖԻԼՄԸ
Մարտի 22-ին Մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի ցուցադրությունը, ինչին հաջորդեց համալսարանականների հանդիպումը ֆիլմի ստեղծագործական կազմի հետ:

Մայր բուհում Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի ցուցադրությունը նախաձեռնել էին Մշակույթի կենտրոնը և «Շարմ Հոլդինգը»: Նշենք, որ ֆիլմն այժմ ցուցադրվում է միայն կինոթատրոններում:

 

«Կյանք ու կռիվ 2»-ը Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի շարունակությունն է, որտեղ ներկայացվում է ֆիլմի հերոսների կյանքը 25 տարի անց, երբ նրանք կրկին բախվում են պատերազմին: Ֆիլմի հերոսների կյանքում շատ փոփոխություններ են եղել, սակայն նրանք, միևնույնն է, չեն կարողանում մոռանալ իրենց անցյալը:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ Մշակույթի կենտրոնի կինոակումբը ՀՀ ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում որոշեց վերսկել իր գործունեությունը հենց այս ֆիլմի ցուցադրությամբ, քանի որ այն ոչ միայն մեծ քննարկումների առիթ է դարձել, այլև իր հետ կարևոր ուղերձներ է բերում:

 

«Հայկական արտադրության ֆիլմերում պակասում է այսօրվա հերոսի կերպարը, բայց այս ֆիլմում ես գտա այդպիսի կերպարներ: Ֆիլմում ուշագրավ հատված կա. երբ հերոսներից մեկին հարցնում են, թե հանուն ինչի է նա կռվում, վերջինս պատասխանում է՝ իմ, իմ կնոջ, իմ երեխայի, ձեր, մյուսների: Իրականում կան նման հերոսներ, և նրանք են պահում մեր երկիրը»,- ասաց Կարինե Դավթյանը:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցելու համար Մայր բուհ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը, դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Հարությունյանը և Արծրուն Չոբանյանը, որոնց լեփ-լեցուն դահլիճը դիմավորեց հոտնկայս ծափահարություններով:

 

Քննարկման սկզբում Մհեր Մկրտչյանը նշեց, որ իրենք սիրով են ընդունել հրավերը, քանի որ երիտասարդության հետ շփումն ամենակարևորն է. «27 տարի ապրելով հայրենիքի սահմաններից դուրս՝ ապրելու և աշխատելու ֆանտաստիկ խթան գտա այստեղ՝ շնորհիվ մեր այսօրվա երիտասարդության: Դուք լավն եք, և ես հավատում եմ, որ հենց դուք կփոխեք ու ավելի լավը կդարձնեք այս երկիրը»:

 

 

Պատասխանելով համալսարանականների հարցերին՝ Մհեր Մկրտչյանն ասաց, որ ռեժիսորի համար ամենահեշտը ֆիլմի երկրորդ մասում առաջին մասի հնարքների կրկնումն է. «Եթե ֆիլմի առաջին մասում ամենահուզական հատվածը գլխավոր հերոսի մահն էր, ապա երկրորդ հատվածում ես փորձել եմ նոր լուծում գտնել: Այստեղ հուզական մասը ցանկացա ստանալ ոչ թե հուսահատության կամ տխրության միջոցով, այլ փորձեցի այն ավարտել հպարտության զգացումուվ: Հպարտություն, որ մենք այս ազգն ենք, որ մենք ուժեղ ենք, որ կա մի բան, հանուն որի արժե ապրել, և ամեն ինչ կստացվի: Ստացվել է, թե ոչ, արդեն հանդիսատեսը պետք է գնահատի»:

 

Ֆիլմի դիտմանը և քննարկմանը ներկա էր նաև ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ով իր խոսքում նշեց, որ ֆիլմն իսկապես ստացված է ու բարձրարժեք. «Ըստ իս՝ ֆիլմն օգնում է մարդկանց, որ նրանք ճանաչեն իրենց: Այն թույլ է տալիս, որ քեզ պատկերացնես հերոսների դերում ու մտածես, թե ինչպես կվարվեիր տվյալ իրավիճակում: Ֆիլմը ինքնամաքրվելու հնարավորություն է տալիս, և շատերն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են գտնել այստեղ»:

 

Քննարկման ավարտին Կարինե Դավթյանը ԵՊՀ հրատարակչության կողմից ստեղծագործական կազմի ներկայացուցիչներին նվիրեց գրքեր և օրացույցներ:

 

 

 

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: