04.12.2014 | 
Գիտություն
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ. ՀԱՐՈՒՍՏ ՆՅՈՒԹ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆ. ՀԱՐՈՒՍՏ ՆՅՈՒԹ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Հայոց մեծ եղեռնի արտացոլումը արտասահմանյան գրականության և արվեստի մեջ» խորագրով հանրապետական գիտաժողովը:

Կազմակերպիչը Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնն է: Ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի խոսքերով՝ առաջին անգամ է, որ հատուկ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը նվիրված արտասահմանյան գրականությանը:

 

«Ահռելի նյութ է կուտակված, որը մեկնաբանության կարիք ունի: Որպես մասնագիտական ամբիոն՝ մեր պարտքն ենք համարում հայացք գցել այդ գրականության ու արվեստի նմուշների վրա: Գրականությունը կատարել է իր գործը, երբ պատմաբանը լռել է, դիվանագետը վախեցել է խոսելուց, քաղաքական գործիչը ինչ-ինչ նկատառումներով գործ չի կարողացել անել, իսկ գրողը ստեղծագործել է. դա սխրանք է: Այսպես նաև մեր պարտքը կվերադարձնենք այդ գրողներին իրենց սխրանքի համար»,- նշեց պարոն Առաքելյանը:

 

Ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն էլ կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի, այլև ընդհանրապես մարդկության համար է ոճրագործություն, և հենց դա է պատճառը, որ իր արտացոլումն է գտել գեղարվեստական գրականության մեջ:

 

Ոչ միայն ԵՊՀ-ից, այլև հայաստանյան այլ բուհերից հրավիրված մասնակիցներն ուսումնասիրել են վերջին 100 տարիներին լույս տեսած իսպանական, ռուսական, թուրքական, նորվեգական և այլ երկրների հեղինակների այն գործերը, որոնք հենց Հայոց ցեղասպանության մասին են կամ առնչվում են դրան: Գիտաժողովի ընթացքում քննարկվելու է նաև թեմայի արծարծումը կերպարվեստի և կինեմատոգրաֆիայի մեջ:

 

20-ից ավելի գիտական զեկուցումներից մի քանիսը վերաբերում էին հենց թուրքական գրականությանը, մասնավորապես այն ստեղծագործություններին, որոնք վերջին տարիներին բավականին մեծ աղմուկ են բարձրացրել: Այդպիսիք են Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» վեպերը, որոնք քննարկվեցին առանձին զեկույցներով:

 

«Առաջին անգամ «Հայկական կոտորած» տերմինը թուրք գրականության մեջ հանդիպում է 1956 թ-ին արձակագիր Քեմալ Թահիրի «Գերված քաղաքը» վեպում: 2004-2005 թվականներին սկսեցին հրապարակումներ լինել, երբ մարդիկ սկսեցին խոստովանել իրենց հայկական ծագումը: Հետզհետե այդ թեման դարձավ նաև գրականության նյութ: Հայ տատերը թոռներին են փոխանցում տրավմատիկ հիշողությունը: Թոռները հետո փորձում են ազատվել այդ տրավմայից պատմելու միջոցով, ինչն էլ վերածվում է գրական ստեղծագործության»,- ասում է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:

 

Իսկ նկարչուհի, Գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրանտ Մարիամ Մուղդուսյանը Հայոց ցեղասպանությունը դիտարկել է արևմտյան 4 նկարիչների՝ Ֆրանչեսկոնի Անսելմոյի, Իրժի Նոսեկի, Արշիլ Գորկու և Ժան Ժանսեմի կտավների տեսանկյունից:

 

«Նրանց միավորում է մեկ ընդհանուր գիծ` բոլորն էլ անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, և դա եղել է նրանց արվեստի առանցքային թեմաներից մեկը: Նրանցից երկուսը ծագումով հայեր են, իսկ Գորկին իր աչքով է տեսել այդ ամենը: Թեև աշխատանքում ընգրկել եմ այն նկարիչներին, ովքեր ստեղծագործել են 1900-ականներին, սակայն  չի կարելի ասել, որ թեմայով այս օրերին աշխատանքներ չեն ստեղծվում»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:  

 

Գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցներից լավագույնները կթարգմանվեն անգլերեն և կտպագրվեն առանձին ժողովածուով, կտարածվեն նաև էլեկտրոնային տարբերակով՝ հնարավորինս շատ մարդկանց ամբողջ աշխարհում ասելիքը տեղ հասցնելու համար: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այն պետք է դառնա ամենամյա, որովհետև նյութը շատ է և անընդհատ ուսումնասիրման կարիք ունի:

Այլ նորություններ
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը: