02.10.2014 | 
Հասարակություն
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱԿ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱԿ-Ի ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց ՄԱԿ-ի նոր ծրագիրը` Հետ-2015-ի զարգացման օրակարգը:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ «Ազատություն բռնությունից» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Խաղաղությունը, անվտանգությունը և հակամարտության կանխարգելումը Հետ-2015-ի զարգացման օրակարգում» թեմայով դասախոսությունների շարք:

 

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հակամարտությունների կանխարգելման ծրագրի համակարգող Ամալյա Գրիգորյանը նշեց, որ Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) փոխարինելու են գալիս Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ): Ապագա միջազգայնագետներին ներկայացվեց ՄԱԿ-ի օրակարգում գտնվող Հետ-2015-ի զագացման ծրագիրը, դրա շուրջ ընթացող քննարկումները, Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման գնահատականները և նոր օրակարգի կարևորությունը:

 

ԿԶՆ-երի վերհանման բուռն քննարկումներում ներգրավված է նաև աշխարհի բնակչությունը՝ առցանց հարթակներում ներգրավվածությամբ կամ ազգային թեմատիկ խորհրդակցությունների միջոցով:

 

Ամալյա Գրիգորյանը հատկապես շեշտադրեց խաղաղության, անվտանգության, ինչպես նաև հակամարտությունների կանխարգելման` նոր օրակարգում ներգրավման կարևորությունը:

 

«Համաձայն Բարձր մակարդակի հարթակի Հետ-2015-ի զարգացման օրակարգի վերաբերյալ զեկույցի՝ բռնության և անկայունության փոխարեն խաղաղության ու առաջընթացի հասնելը պահանջում է տեղական, ազգային և համաշխարհային համագործակցություն: Խաղաղ առաջընթացի համար հակամարտություններից տուժած կամ վերականգնվող երկրները պետք է ունենան այնպիսի ինստիտուտներ, որոնք գործուն ու արձագանքող են և ընդունակ են բավարարելու մարդկանց՝ անվտանգության, արդարության և բարօրության առանցքային պահանջմունքները»,-նշեց Ամալյա Գրիգորյանն ու հավելեց, որ տևական խաղաղությունը պետք է հիմնվի ներառական, երկարաժամկետ կայուն զարգացման վրա, և բոլոր մակարդակներում տարբեր սուբյեկտները պետք է գիտակցեն դրա առանցքային դերը հակամարտությունների կանխարգելման գործընթացում:

 

Անդրադառնալով ամբողջ աշխարհի բնակչության թվաքանակի հարցին՝ բանախոսը նշեց, որ այն աստիճանաբար զգալի աճ է գրանցում: Հետաքրքիր փաստ է արձանագրվել մասնագետների կողմից. պարզվում է՝ մյուս տարի մոլորակի բնակչության թվում մեծամասնություն են կազմելու երիտասարդները: Ամալյա Գրիգորյանը փաստեց, որ այդ ամենի շնորհիվ կաճի նաև աշխատանքի մրցակցությունը:

 

Բանախոսն ապագա միջազգայնագետներին հորդորեց լինել առավել քան հետևողական տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դրանք ճիշտ կերպ ընկալելու առումով` մշտապես հետևելով աշխարհում կատարվող գլոբալ փոփոխություններին:

 

Դասընթացի ավարտին ուսանողներին տրամադրվեց թեմային առնչվող գրականություն: 

Այլ նորություններ
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Շահինյանի մասին պատմում է նրա որդին՝ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Շահինյանը:
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը: