04.12.2020 | 
Հասարակություն
«ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»․ ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
«ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»․ ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից 5 տարուց ոչ ավել ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չնախատեսելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

 

ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից,

 

բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար:

 

Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար:

 

Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան

 

Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան

 

Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան

 

Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան

 

Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան

 

Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան

 

Արծրուն Ավագյան - Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

 

Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան

 

Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան

 

Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան

 

Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան

 

Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան

  

Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան

 

Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան

 

Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան

 

Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

 

Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն

 

Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն

 

Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ

 

Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎՆ Է». ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել էր ԵՊՀ: Նախարարը հարազատ բուհ էր եկել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԸ ԿՈՐՈՇԵՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ. ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր: