«Ծագումը: Բացահայտում» վեպի իրադարձությունները ծավալվում են համաշխարհային պատմության մեծագույն հակամարտության ժամանակաշրջանում: Այն սկսվում է 1930 թ-ին՝ խորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ ինքը մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է:
1937 թ-ին կայացրած մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր: Երբ 1941 թ-ին Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային միության վրա, դա բերում է կոմունիստական պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա:
Գրքի հերոսները հասարակ մարդիկ են: Փոքր ազգերը կամ համայնքները ներկայացնող հինգ անհատներից յուրաքանչյուրն իր առանցքային դերակատարությունն է ունենում պատմության հանգուցալուծման մեջ, չնայած նրանցից մեկը զոհաբերում է իր կյանքը:
Պատմության մեջ երկու թեմաներ միահյուսվում են: Թեմաներից մեկը ներառում է բուն հակամարտությունը և առաջադեմ տեխնոլոգիաների զարգացումը, ինչպիսին է միջուկային զենքը: Երկրորդ թեման բացահայտում է մարդկության մասին մի մեծ գաղտնիք: Դա հայելի է հանդիսանում մարդկային գիտակցության համար, որը, ի վերջո, բեկումնային դեր է խաղում Առանցքի երկրների անկման գործում:
Գիրքը բաղկացած է երեք մասից՝ «Առանցքի երկրների վերելքը», «Ազատ աշխարհի պաշտպանությունը» և «Մարդկային էության բացահայտումը»:
Քանի որ հիմնական կերպարներն աշխարհի տարբեր երկրներից են, իրադարձություններն աշխարհագրական մի վայրից տեղափոխվում է մյուսը, մինչդեռ ավելի ուշ վեպում նրանք սկսում են հանդիպել իրար: Տարբեր վայրերի ընտրությամբ նախատեսվում է ընթերցողին փոխանցել մի ուղերձ, ըստ որի՝ լավագույն արդյունքների հասնելու նպատակով աշխարհի բոլոր մարդիկ պետք է համագործակցեն իրար հետ: Այն թույլ է տալիս նաև պատկերացում կազմել զանազան հետաքրքիր մշակույթների մասին:
Որպես այլընտրանքային պատմություն՝ վեպը փորձում է պատմական իրադարձությունները ներկայացնել որքան հնարավոր է իրականությանը մոտ: Մասամբ հիմնված պատմական իրադարձությունների վրա՝ որոշ դեպքեր և կերպարներ թեթևակի փոփոխվել են ստեղծագործության բովանդակությանը համապատասխանացնելու նպատակով:
Հավելենք, որ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ֆիլ Գոֆն իր՝ հեղինակին հղած նամակում նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասահմռկեցուցիչ էջերից է, և այն չպետք է մոռացվի: Պարոն Գոֆը նաև նամակ է ուղարկել Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
Գրքի բովանդակությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ http://originsdiscovery.com կայքէջից: