28.01.2021 | 
Հասարակություն
«ԳԵՎՈՐԳԸ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԵՐ, ԲԱՅՑ ՆԱ ԸՆՏՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
«ԳԵՎՈՐԳԸ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՇԱՏ ՈՒՆԵՐ, ԲԱՅՑ ՆԱ ԸՆՏՐԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ». ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը:

«Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին է» նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում կազմակերպված արարողությանը ներկա էին մի շարք ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, համալսարանական ազատամարտիկի հարազատներն ու մտերիմները:

 

Հուշատախտակի բացումը վերապահված էր շուշեցի փոքրիկին՝ Արսեն Սարգսյանին, որը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի պնդմամբ, խորհրդանշում է մեր վաղվա օրը:

 

 

Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հակիրճ խոսեց Գևորգ Արշակյանի ուսանողական տարիների մասին. «Գևորգի մասին երկար կարելի է խոսել, նրա ձեռքբերումները գիտության, կրթության ոլորտում շատ են, սակայն ուզում եմ հատուկ անդրադառնալ նրա հավաքական կերպարին, որն օրինակելի է բոլորիս համար. կերպար, որն ամփոփում է ընկերասիրության, կրթության և մասնավորապես հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ամենավառ դրսևորումները: Նա բազմիցս էր կրկնում սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքին» խոսքերը, որոնք այսօր լավագույնս են բնորոշում նրան»:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նույնպես ընդգծեց Գևորգ Արշակյանի բացառիկությունը և հույս հայտնեց, որ այս ընթերցասրահում դեռ կծնվեն նոր գևորգներ:

 

«Այսօր հիրավի պատմական օր է: Անկասկած այս պատերազմի ընթացքում զոհվածներից յուրաքանչյուրը հերոս է, սակայն Գևորգն իսկապես բացառիկ էր հազարավոր ուսանողների մեջ: Նա ընդամենը 24 տարեկան էր, սակայն կարողացել էր ձևավորել մի այնպիսի կերպար, որն առանձնանում էր իր մտածելակերպով, վարքով և գաղափարներով: Մարդը կարող է լինել պարկեշտ, հայրենասեր, խելացի և այլն, բայց երբ այդ բոլորը մեկ կերպարում է ամփոփված, այն էլ երիտասարդ տարիքում, դա արդեն ֆենոմենալ երևույթ է»,- նշեց ֆակուլտետի դեկանը և շեշտեց, որ նրա դաստիարակության մեջ մեծ ներդրում ունի պապը՝ Գևորգ Հովսեփյանը, որն Իրավագիտության ֆակուլտետի անվանի դասախոս էր:

 

 

Փիլիսոփայության և հոգեբանության ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկաններ Ալեքսան Բաղդասարյանն ու Նաղաշ Մարտիրոսյանը նույնպես խոսեցին Գևորգ Արշակյանի՝ որպես ուսանողի, հայրենասերի, երիտասարդ գիտնականի հավաքական կերպարի մասին՝ շեշտելով, որ իր օրինակով ազատամարտիկը դեռ երկար տարիներ փայլուն սերունդ է կրթելու:

 

 

Միջոցառմանը ներկա էր նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որը Գևորգ Արշակյանին հանդիպել էր Շուշիի մատույցներում:

 

«Երբ ինձ հայտնեցին, որ այս երիտասարդները Մայր բուհի ուսանողներ են, ես և՛ հպարտություն, և՛ միաժամանակ մեծ ցավ ապրեցի: Հպարտ էի, որ մեր երիտասարդներն այնքան հայրենասեր են, որ չեն վախենում նույնիսկ իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի, սակայն միաժամանակ մեծ ցավ զգացի, քանի որ հենց այդ երիտասարդներն են մեր վաղվա օրը, այն ոսկյա շեշտը, որը հետագայում պետք է հիմք դառնա հայրենիքի զարգացման համար»,- ասաց Արծվիկ Սարգսյանը և ընդգծեց, որ չնայած այսօր Շուշին ու մնացած տարածքները նույնպես թշնամու վերահսկողության տակ են անցել, սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ դրանք վերադարձվելու են:

 

 

Վահագն Վարագյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, Գևորգ Արշակյանի հարազատներին, մասնավորապես մորը՝ տիկին Նաիրային՝ համալսարանին և հայ ազգին Գևորգ նվիրելու համար. «Մենք մեծացել ենք Թաթուլ Կրպեյանի, Պետոյի և Դուշման Վարդանի օրինակով, իսկ այսօր մեր եկող սերունդը պետք է կրթվի՝ նաև Գևորգի օրինակն ունենալով իր աչքի առջև: Մենք պարտավոր ենք անել հնարավորինս ամեն ինչ մեր երկրի զարգացման համար, պարտավոր ենք լինել զոհվածների ընտանիքների կողքին, որոնք նույնպես պետք է իրենց լուման ներդնեն երիտասարդների դաստիարակության գործում: Մենք մեր հայացքն իրավունք չունենք կտրելու Շուշիից, Քարվաճառից, Բերձորից և մյուս տարածքներից, և այդ իրավունքից մեզ զրկել են Գևորգն ու մյուս զոհված տղաները»:

 

Գևորգ Արշակյանի մասին երկար խոսեցին, ներկաներից յուրաքանչյուրը փորձում էր նրան ներկայացնել և բացահայտել նոր տեսանկյունից, սակայն բոլորի խոսքի մեջ կարմիր թելի նման անցնում էր մի միտք. Գևորգը դեռ շատ անելիքներ ուներ կրթության և գիտության ոլորտում, դեռ շատ բարձունքներ կհաղթահարեր և նշանակալի ձեռքբերումներ կունենար, բայց նա ընտրեց հայրենիքը: Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին «Իզմիրլյան» հիմնադրամին՝ ընթերցասրահը վերանորոգելու, կահավորելու և այն անվանակոչելուն համաձայնություն տալու համար:

 

Վարդուհի Զաքարյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին: