28.02.2014 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ` ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ` ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Արդեն հինգ տարի է` ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի հետ համատեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվում է Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում:

Վարդանանց տոնն ամեն տարի նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այս տարի այն փետրվարի 27-ին է: Հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում նահատակվեցին Վարդանանց զորավարները, ինչպես նաև 1036 մարտիրոսներ, ովքեր առաքելական եկեղեցու մեծագույն սրբերն են:

 

Միջոցառումն այս տարի ևս սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատությունների վերատեսուչ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: «Պետք է ընդունել, որ հինգ տարին բնավ քիչ չէ, որպեսզի ասենք, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել կրթական երկու հաստատությունների կյանքում: Վարդանանց ոգեկոչումն անշոշափելի ներքին միություն է ձևավորել մեր ենթագիտակցության մեջ ու նաև հոգեկան կարգապահություն հաստատել մեր շարքերում»,- ասաց տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` հավելելով, որ Վարդանանց ոգեկոչումը հայ ազգի համար ավելին է, քան տոնը:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ: Այս տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում հյուրընկալվել էին նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոսներն ու ուսանողները:

 

«Յուրաքանչյուր ժողովրդի համար շատ կարևոր է ավանդույթներին հետևելը: Ցավոք, հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ ավանդույթներ է կորցրել, բայց նաև պահպանել է դրանցից ամենակարևորները: Հույս ունեմ, որ Վարդանանց տոնի հետ կապված այս հինգ տարվա անընդմեջ հանդիպումները գեղեցիկ ավանդույթ կդառնան ոչ միայն մայր եկեղեցու, ԵՊՀ-ի, այլև երիտասարդության համար` մայր եկեղեցու հովանու ներքո»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Ռեկտորը նշեց նաև, որ այս ավանդույթի հիմքում դրված է Վարդանանց անմահ քաջերի և հերոսների հայրենասիրությունը, նրանց հավատարմությունը մայր եկեղեցուն ու սեփական ժողովրդին:

 

Ելույթներից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբերի կատարմամբ հնչեցին հոգևոր և հայրենասիրական մի շարք երգեր: Տոնական միջոցառումն իր հայրապետական օրհնությամբ ամփոփեց Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Մենք աղոթում և մաղթում ենք, որ Վարդանանց տոնախմբությունը դուրս գա այս պատերից, և տոնը նշվի ամենուրեք, որովհետև դարեր շարունակ Վարդանանց ոգին է մեզ առաջնորդել, զորություն տվել դիմանալու մեր կյանքի բոլոր դժվարություններին»:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: