25.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ շուրջ 7 ամիս տևած ՈՒԽ բանավեճի ակումբային առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին «Սիներգիա» և «Մոդուս Վիվենդի» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի ակումբային առաջնության մեծ գավաթը նվաճեց «Սիներգիա» թիմը:

Բանավեճի մեկնարկը տրվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո սկսվեց առաջնությունը՝ «44-օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետությունում հանգեցրել է ազգային ինքնագիտակցության ճգնաժամի» թեմայով:

 

Եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանը, ի. գ. թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը:

 

 

Դավիթ Թովմասյանը, խոսելով բանավեճի թեմայի ընտրությունից և թիմերի մասնակցությունից, նշեց.  «Սա ակումբի 27-րդ խաղն էր, և թիմերը բավականին երկար ճանապարհ են անցել: Թեման մի փոքր բարդ էր, և փոքր-ինչ մտավախություն ունեինք, սակայն թիմերն իրենց լավագույնս դրսևորեցին: Մենք դեռ կիսաեզրափակչում մենթորներ էինք նշանակել, որոնք թիմերին օգնել են և՛ տեխնիկական, և՛ բովանդակային հարցերով:

 

 

 

Երկու թիմերն էլ նախորդ տարվա առաջնությանը մասնակցել էին, դա էր պատճառը, որ նրանցից մեր ունեցած սպասելիքները շատ մեծ էին։ Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ նրանք արդարացրին բոլոր սպասելիքները, որովհետև երկու թիմերն էլ հանդես եկան էթիկայի և բանավեճի կանոններին համապատասխան»։

 

 

Բանավեճի հաղթող թիմի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Սաթենիկ Խեչումյանը, խոսելով թիմի հաղթանակից, ասաց. «Մեր թիմը մի «վատ» սովորություն ունի. մենք խաղերից առաջ միշտ վստահ ենք լինում, որ հաղթելու ենք։ Արդյունքում շատ հաճախ մենք այդ հաղթության բերկրանքը չենք էլ զգում» (ժպտում է- Մ. Մ.):

 

Շարունակելով թիմակցի խոսքը՝ Աննա Դարբինյանը նշեց, որ  հաղթանակն իրենց երկարատև աշխատանքի արդյունքն է, և որ դրա համար շատ ջանքեր են ներդրել:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Ա․ Դարբինյանը, խոսելով մրցակից թիմից և ընտրված թեմայից, նշեց. «Թիմերի միջև չգրված ներքին կոնսենսուս կար. պիտի բանավիճեինք հանդուրժողականության մթնոլորտում: Դժվար էր թեմային դեմ արտահայտվելով բանավիճելը, սակայն մեզ համար մի բան հստակ էր. ազգային ինքնագիտակցությունը կապված չէ միայն պատերազմների հետ: Մենք մեր շեշտադրումը կատարել էինք հենց դրա վրա, ինչի արդյուքնում գրանցեցինք մեր հաղթանակը»:

 

Բանավեճի ավարտին իրականացավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում առաջնության մասնակից թիմերին տրվեցին հավաստագրեր, առանձին անվանակարգերում հանձնվեցին մրցանակներ ու նվերներ:

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒՆ»․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեցին բուհական համակարգի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՅՍ ՈՒՍՏԱՐՎԱ ԳԽ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով։ Նիստի ընթացքում հաստատվեցին ներկայացված նախագծերն ու հարցերը, ինչպես նաև հնչեցին ու քննարկվեցին նոր առաջարկներ։