01.09.2020 | 
Հասարակություն
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՔ ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆԵՐԸ»․ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՔ ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆԵՐԸ»․ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն այսօր ողջունեց 2020-2021 ուսումնական տարվա «Պատմություն» կրթական ծրագրի առաջինկուրսեցիներին։

Հանդիպմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Հակոբ Հարությունյանը։

 

Առաջին կուրսի ուսանողներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։

«Սիրելի՛ ապագա պատմաբաններ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ ամենակարևորն առողջություն և հաջողություն ուսման բնագավառում»,-ասաց Էդիկ Մինասյանը։

 

Նա պատմական էքսկուրս կատարեց առաջինկուրսեցիների համար՝ ներկայացնելով Երևանի պետական համալսարանի և նրա հիմնադիր ու առաջին՝ Պատմության ֆակուլտետի անցած ճանապարհը․ «Մեր ֆակուլտետը հիմք է դրել լավագույն ավանդույթների, որոնց շարունակողները դուք պետք է լինեք»։

 

Ֆակուլտետի դեկանը հիշեցրեց, որ ԵՊՀ-ում առաջին ընտրված ռեկտորը և հետագայում 22 ռեկտորներից 8-ը եղել են պատմաբաններ, որոնցից 4-ը՝ Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ։ Է․ Մինասյանը նշեց, որ իրենց ֆակուլտետի շրջանավարտները միշտ էլ բարձր հեղինակություն են վայելել գիտության, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։

 

«Մարդն առաջին հերթին, գիտնական լինելուց զատ, պետք է լինի իր հանրապետության արժանի, հայրենասեր, նվիրված քաղաքացի։ Իսկ այս ֆակուլտետը հայրենասիրության դաստիարակման լավագույն օջախն է»,- վստահեցրեց դեկանը և պատմեց իրենց ֆակուլտետի՝ Հայրենական և Արցախյան պատերազմներին մասնակցած ուսանողների մասին։

 

 

Է․ Մինասյանն առաջին կուրսի ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, պատմեց դիպլոմների հանձնման արարողության մասին և ծանոթացրեց իր տեղակալների ու դեկանատի աշխատակցուհու հետ՝ հորդորելով ուսանողներին դիմել նրանց ցանկացած հարցով։

 

Ապագա պատմաբաններին ողջունեց նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։ Նա հույս հայտնեց, որ համավարակի պայմաններում ուսանողները կստանան առավելագույնն ուսումնական գործընթացից, և շուտով, հաղթահարելով այս իրավիճակը, բոլորը կվերադառնան բնականոն կյանքին։

 

«Չգիտեմ՝ սա իրական դեպք է, թե բանահյուսություն, բայց պատմում են, որ երբ 19-րդ դարի պատմաբան Լեոյին ջարդերի ժամանակ հարցնում են՝ ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից, վերջինս պատասխանում է՝ հայ ժողովուրդն այնքան ուժ ունի, նա ավելի ծանր իրավիճակներից է դուրս եկել, սա էլ պատվով կհաղթահարի,- պատմեց Ա․ Մովսիսյանն ու հավելեց,- դրանից երեք տարի հետո մենք վերակերտեցինք մեր պետականությունը»։

 

Հայոց պատմության ամբիոնի վարիչն ասաց, որ այս մասնագիտությունը պատմության ընկալումն է որպես կիրառական գիտություն։ Նա նշեց, որ պատմությունից դասեր քաղելը մեզ համար անհրաժեշտություն է։

 

«Հնարավոր է ձեր շարքերում հիմա նստած է Հայաստանի Հանրապետության օրինակ 7-րդ նախագահը, 10-րդ վարչապետը կամ ապագայում շատ կարևոր պաշտոն զբաղեցնող մեկը։ Դրա համար շատ կարևոր է մեր ազգային արժեհամակարգին լավ տիրապետելը։ Իսկ ազգային արժեհամակարգի առանցքային, կարևորագույն հիմքերից մեկը մեր ժողովրդի պատմությունն է, մեր ինքնության անցած ճանապարհի պատմությունը»,- նշեց Ա․ Մովսիսյանը։ 

 

Նա նույնպես միացավ շնորհավորանքներին և հորդորեց առաջինկուրսեցիներին ճիշտ օգտագործել ամենաթանկ բանը՝ ժամանակը։

 

Ողջույնի խոսքերից հետո Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քրիստինե Յախշյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացը և պատասխանեց բոլոր հարցերին։ Այնուհետև դեկանի մյուս տեղակալ Հայկ Մխոյանը բացատրեց առցանց ուսուցման հարթակից օգտվելու կանոններն ու բաժանեց ուսանողական տոմսերը։                             

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։