Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ մրցույթի արդյունքում 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբերի կողմից ներկայացված և երաշխավորված թեմաների իրականացման համար հոկտեմբերից կտրամադրվեն մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ:
Նրա տեղեկացմամբ, այս մրցույթի նպատակը գիտական տարբեր ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, ինչպես նաև գիտական ուղղության, դպրոցի պահպանումն ու զարգացումը և առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
«Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ այս մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ չի սահմանվել, իսկ խմբերի անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի դրանից՝ խմբերին ընձեռնված է հնարավորություն` թեմայի մեկնարկից 12 ամիս անց խումբը ևս երկու երիտասարդ մասնակցով (մագիստրանտներ) համալրելու: Նրանց վարձատրելու համար Գիտության կոմիտեն կհատկացնի լրացուցիչ միջոցներ»,- ասաց Երանուհի Մանուկյանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետը կարևորեց նաև այս մրցույթի միջազգային գիտական կապերի խորացման գործոնը, քանի որ, ըստ չափորոշիչների, խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին:
Այս ծրագրի շրջանակում նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որի արդյունքում որոշվելու է թեմայի ֆինանսավորումը շարունակելու նպատակահարմարությունը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: