25.04.2020 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն բաժինների ավարտական կուրսերի ուսանողների համար ապրիլի 23-25-ը կազմակերպվել է ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության փորձնական տարբերակ։

Հիշեցնենք, որ պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը նշեց, որ ավարտական աշխատանքների առցանց պաշտպանության  փորձնական տարբերակի անցկացման հիմնական նպատակն էր հասկանալ, թե գործընթացն անխափան իրականացնելու համար ինչ խոչընդոտներ կարող են ի հայտ գալ:

 

«Մեր նպատակն էր պարզել՝ արդյո՞ք «Moodle» հարթակը  և պաշտպանության ընթացքում որպես վեբինար կիրառվող «Zoom»  կոնֆերենց համակարգը  գործնականում կարող են առանց խնդիրների աշխատել, քանի որ համակարգ է մուտք գործելու բակալավրիատի ավարտական կուրսի մոտ 270 ուսանող՝ չհաշված պաշտպանության  հանձնաժողովների ներկայացուցիչները և օժանդակ կազմը (ղեկավար, գրախոս)»,- ասաց Գեղամ Պետրոսյանը։

 

Նրա փոխանցմամբ, ավարտական կուրսերի ուսանողների հետ միասին առցանց պաշտպանության փորձնական տարբերակի իրականացմանը մասնակցել են նաև ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ավարտական աշխատանքների ատեստավորման հանձնաժողովի անդամները, ավարտական աշխատանքների ղեկավարները և գրախոսները։

 

«Երեք բաժիններում էլ փորձարկումների ընթացքում ուսանողների գերակշիռ մասը րոպեների ընթացքում կարողացել է մուտք գործել համակարգ: Առաջացած տեխնիկական խնդիրներն էլ օպերատիվ կերպով կարգավորվել են թե՛ մեր ֆակուլտետի համակարգողների, թե՛ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների և թե՛ Տեղեկատվական համակարգերի վարչության մասնագետների կողմից:

 

«Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրանց. նրանք երկու շաբաթից ավելի աշխատել են մեզ հետ, որ առցանց պաշտպանության համակարգը ժամանակին և անխափան գործարկվի»,- նշեց ֆակուլտետի դեկանը։

 

Գեղամ Պետրոսյանն ուշագրավ է համարում այն, որ առցանց պաշտպանության գործընթացը փորձարկելիս ավարտական կուրսի  ուսանողները բավականին ակտիվ են եղել. «Իսկ ինչ վերաբերում է փորձարկման արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների բնույթին, ապա պետք է նշեմ, որ դրանք հիմնականում վերաբերում են մի քանի ուսանողների և դասախոսների գաղտնաբառերի փոփոխմանը կամ վերականգնմանը, որոնք, ի ուրախություն մեզ, շատ քիչ թիվ են կազմում, և ապրիլի 27-ի դրությամբ, ըստ էության, լուծված կլինեն»։

 

Քաղաքագիտության բաժնի ավարտական կուրսի ուսանող Մելինե Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երեկ առցանց հարթակում իրականացված փորձնական պաշտպանության ընթացքը նորմալ է անցել, և որ համակարգն աշխատում է ցանկացած այլ տեսակոնֆերանսի տրամաբանությամբ. «Ինձ մոտ միացման հետ կապված խնդիր էր առաջացել, սակայն այն արագ կարգավորվեց: Երբեմն առաջանում էին որոշակի խնդիրներ՝ կապված կապի հետ, բայց դրանք կարգավորման ենթակա են»:

 

Հիմնական մտավախությունը, ըստ նրա, կապի որակին է վերաբերում. «Բոլորս անհանգիստ ենք, որ դրա հետ կապված խափանումներ կլինեն: Մտածում եմ, որ կլինեն ուսանողներ, որոնք տեխնիկական ապահովման խնդիրներ կարող են ունենալ, բայց  կարծում եմ՝ մինչ պաշտպանությունը հարցին լուծում կգտնվի: Քանի որ առաջին անգամ է նման ձևաչափով իրականացվելու պաշտպանություն, կարող ենք միայն ենթադրել՝ ինչ կլինի գործնականում, բայց երեկվա փորձարկումը մտաբերելով՝ կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի»:

 

Մելինեի խոսքով, չնայած բոլորը շատ էին սպասում պաշտպանությանը և կցանկանային, որ այն կենդանի տարբերակով անցկացվեր, այնուամենայնիվ հասկանալով ստեղծված իրավիճակը՝ փորձում են հարմարվել ու արագ կողմնորոշվել. «Հույս ունեմ, որ իրավիճակն արագ կհարթվի ու դիպլոմների հանձնման արարողությունն արդեն բնականոն ընթացակարգով կիրականցվի»:

 

Միջազգային հարաբերություններ բաժնի ավարտական կուրսի ուսանող Ելենա Պետրոսյանի խոսքով, առցանց պաշտպանության փորձնական տարբերակի ժամանակ համակարգն անխափան աշխատել է, ուսանողներն էլ ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները. «Քանի որ ստեղծված իրավիճակում այլ ելք չկա, սա ընդունելի և շատ արդյունավետ տարբերակ է: Շատ լավ է, որ կա համակարգ, որը թույլ է տալիս սահմանված ժամկետներում կազմակերպել ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը և պաշտպանությունը»:

 

Հանրային կառավարում բաժնի ավարտական կուրսի ուսանող Հեղինե Մկրտչյանի հավաստմամբ էլ, առցանց պաշտպանության փորձնական տարբերակը լավ է անցել. «Ի հայտ եկան տեխնիկական խնդիրներ՝ կապված համակարգ մուտք գործելու հետ, բայց ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների աջակցությամբ հարցն արագ կարգավորվեց»: Նրա խոսքով, իհարկե այս ձևաչափը շատ ուսանողների երազածը չէր, բայց ելնելով արտակարգ դրության պայմաններից՝ ընդունելի է:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի խոսքով, արտակարգ դրության պայմաններում մեծ պատասխանատվություն է ավարտական աշխատանքների պաշտպանության առցանց անցկացումն անխափան իրականացնելու առումով. «Հուսով եմ, որ կկարողանանք կազմակերպել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առցանց պաշտպանությունները: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: