17.04.2015 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՇՈՒՆՉՆ ԷՐ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՇՈՒՆՉՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Աշխարհասփյուռ հայ արվեստագետները… Ֆրանսիա» խորագրով միջոցառումը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը նախաձեռնել է նոր ծրագիր` «Աշխարհասփյուռ հայ արվեստագետները» խորագրով, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն է ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայտնի հայերի կյանքը և գործունեությունը: Դա նաև շնորհակալական քայլ է տվյալ երկրին՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստանելու և նրանց հետագա կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին Հայաստանում անցկացվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, կենտրոնը որոշել էր առաջինն անդրադառնալ Ֆրանսիային:

 

Միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և ուսանողներ:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը համոզված է, որ նախաձեռնությունը միևնույն ժամանակ հիանալի հնարավորություն է ամրապնդելու հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամության հիմքերը. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն իրենց վրա են կրում մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կնիքը: Այդ է պատճառը, որ առաջին պետությունը, որին անդրադառնում ենք վերոնշյալ ծրագրի շրջանակում, Ֆրանսիան է»:

 

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ այս ծրագիրը ԵՊՀ-ում իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում. «Մայր բուհը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում չի ցանկանում ընդգծել միայն կորուստն ու ցավը: Մենք ցանկանում ենք վեր բարձրանալ այդ կորստից և խոսել այն կապերի ու գեղեցիկ մշակութային միջոցառումների մասին, որոնք ձևավորվեցին 1915 թ.-ից հետո»:

 

Արդեն 6-րդ տարին է, ինչ Հայաստանը դիտորդի կարգավիճակից անցել է Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության ասոցիացիայի անդամի կարգավիճակի: Կարևորելով հայ-ֆրանսիական քաղաքական, դիվանագիտական և մշակութային երկարամյա կապերը՝ Մայր բուհը հստակ քայլերով առաջ է գնում այդ հարաբերություններն առավել ամրապնդելու և նոր ձեռքբերումներով լրացնելու համար: Դրա վառ ապացույցն այն է, որ ԵՊՀ-ում արդեն մի քանի տարի է` բացվել է Ֆրանսիական բանասիրության ամբիոնը, և ֆրանսերենը դասավանդվում է Մայր բուհի գրեթե բոլոր ֆակուլտետներում:

 

Միջոցառման ընթացքում Մշակույթի կենտրոնի անդամները ներկայացրին ֆրանսիահայ մշակութային գործիչներին, Ֆրանսիայում նրանց վարած գործունեությունը: ԵՊՀ երգչախումբը և Մշակույթի կենտրոնի անհատ երգիչները հանդես եկան ֆրանսիական սիրված երգերի կատարումներով, որոնք ուղեկցվեցին ԵՊՀ պարային համույթի յուրօրինակ կատարումներով:

 

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: