03.03.2014 | 
Մշակույթ
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է
ԵՊՀ աշխատակցուհի Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսը նվիրված է գարնան առաջին օրվան ու կանանց տոնին:

Արդեն տասնմեկ տարի է` մարտի 1-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենում ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գեւորգյանի անհատական ցուցահանդեսը:

 

Գարնանային զարթոնքը, կյանքի գույները տեղ են գտել Նելլի Գևորգյանի կոլաժներում: Ներկայացված կոլաժները (մոտ 38) պատրաստվել են մեկ ամսվա ընթացքում: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարվա աշխատանքներում գերակշռում էին ծաղկային պատկերները, որոնց միջոցով հեղինակն արտահայտել է տարբեր հոգեվիճակներ: Կոլաժների մակագրություններից են, օրինակ, «Մերկություն», «Մենություն», «Մոռացված հայելիներ», «Վերածնված ծաղիկ», «Վերածնունդ», «Մանկություն», «Նորաձև կանայք» և այլն:

 

Ցուցադրության սրահն ինչպես միշտ բազմամարդ էր: Ներկա էին Նելլի Գևորգյանի հարազատները, ընկերները, ուսանողներ, լրագրողներ: Միջոցառմանը ներկա էր նաև Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ով իր խոսքում նշեց, որ դիտելով աշխատանքները` գտնում ես ներքին ներդաշնակություն ու հանգստություն:

 

Ցուցահանդեսի նպատակը իրերին երկրորդ կյանք տալու գաղափարը ներկայացնելն էր: Տիկին Գևորգյանի համար յուրաքանչյուր իր կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր: Ներկայացված կոլաժները պատրաստված են տարբեր նյութերից՝ կոճակներ, շշի խցաններ, ծաղկաթերթեր, ապակու, փայտի ու կաշվե կտորներ, թղթեր, հուլունքներ, ժապավեններ, տարատեսակ կտորեղեն: Այս նյութերի համակցությամբ ստեղծվում են արվեստի գեղեցիկ նմուշներ: Հեղինակն իր աշխատանքները որակում է որպես սիրողական ոճի ստեղծագործություններ:

 

«Շատ զգացված եմ և շնորհակալ Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրենությանը, աշխատակիցներին, ովքեր միշտ ինձ աջակցել են, իմ կողքին են եղել, շնորհավորում եմ գարնան առաջին օրն ու կանանց միամսյակը»,- ասաց տիկին Գևորգյանը և հավելեց, որ ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը: 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: