26.05.2015 | 
Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ՝ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ՝ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
Հայաստանի ընդերքն այսօր օգտագործվում է ոչ ճիշտ, ինչը խանգարում է տնտեսության այդ ճյուղի զարգացմանը:

Այս կարծիքը հնչեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր անցկացված միջոցառման ընթացքում. հավաքվել էին ոլորտի մասնագետները` մասնակցելու «ՀՀ մետաղական հանքավայրերի արդյունահանման հետ կապված առանցքային հարցերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

 

Նախաձեռնողը ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնն էր: «Մեր կենտրոնը զբաղվում է ընդերքի և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման և օգտագործման հարցերով: Մեր առաջնահերթ նպատակն է աջակցել Կառավարությանը` լուծելու այս խնդիրները: Մեր կենտրոնի աշխատակիցներն արդեն մասնակցել են ՀՀ ընդերքի ռազմավարության մշակմանը, և մեր առաջարկած մի շարք հարցեր ընդգրկվել են դրանում»,- քննարկման սկզբում ասաց Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ռուբեն Մովսիսյանը:

 

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ-ի մասնագետները, այլև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Օրհուս» կենտրոնի, բնապահպանական ՀԿ-ների փորձագետներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներ և ուրիշներ:

 

Մինչ քննարկմանն անցնելը Կայուն զարգացման կենտրոնի երկու փորձագետներ հանդես եկան զեկուցումներով, որոնցից մեկն անդրադառնում էր ՀՀ մետաղական հանքավայրերի արդյունահանման խնդիրներին, մյուսը՝ ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերին:

 

«Այն, որ ցանկացած երկրի զարգացման համար հիմք է հանդիսանում իր ընդերքը, փաստ է: Հայաստանը աղքատ երկիր չէ, ես դա ասում եմ որպես մասնագետ: Այս փոքր տարածքով և քիչ բնակչությամբ երկրի համար, եթե ճիշտ օգտագործենք մեր ընդերքը, զարգացման լայն հնարավորություններ ձեռք կբերենք տնտեսության այդ ճյուղը զարգացնելու համար: Զարմանալի է, որ մեր երկրի ընդերքի շահագործման այդպիսի մեծ ծավալների դեպքում ՀՆԱ-ի միայն 2.9%-ն է կազմում ընդերքը»,- նշեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

 

Այդ ամենը մասնագետները կապում են նախ վատ կառավարման հետ: «Ուսումնասիրություններ կատարելու կամ նախագծեր իրականացնելու լիցենզիաներ են տալիս այնպիսի կազմակերպությունների, որոնք ոչ մի կապ չունեն երկրաբանության հետ: Նույն իրավիճակը նաև հանքավայրերում է. եթե նույնիսկ ունեն երկրաբանական բաժին, ապա ղեկավարները մասնագետներ չեն: Հանքերի շահագործման նածագծերը մասնագիտական փորձաքննություն չեն անցնում. երբևէ մասնավոր կամ պետական որևէ կառույց մեզ՝ երկրաբաններիս, չի դիմել այդ հարցով»,- մտահոգություն է հայտնում Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը:

 

Քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան նաև ձեռնարկությունների աշխատանքների թափանցիկությանը, կիրառվող տեխնոլոգիաներին և դրանց վերահսկողությանը, մոնիթորինգին և գումարների շրջանառությանը, պոչամբարներին ու լցակույտերին և այլն: Նրանց հավաստմամբ՝ ոլորտի ամենաակնառու բացերից մեկն էլ իրավական կարգավորումների թերի լինելն է:

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Համառուսական ուսանողական սոցիալական նախաձեռնությունների մրցույթի հաղթողների և ծրագրի համակարգողների պատվիրակությունը Հայաստանում կազմակերպված փորձի փոխանակման այցի շրջանակներում քննարկեցին ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում նշվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանի 70-ամյակը: