02.07.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։

Արբիտրաժ խաղ-մրցույթը մեկնարկել էր դեռևս փետրվարին, սակայն երկրում արտակարգ դրությունով պայմանավորված՝ հունիսին բոլոր փուլերն անցկացվել են գրավոր եղանակով:

 

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանի տարբեր բուհերի թիմեր, այդ թվում՝ Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ամերիկյան, Հայաստանում Ֆրանսիական և մարզերում գտնվող այլ համալսարաններից:

 

Մրցույթի նախնական և կիսաեզրափակիչ փուլերի ընդհանուր արդյունքում միավորների բացարձակ առավելությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող ԹԻՄ 3-ը դուրս է եկել եզրափակիչ փուլ և հաղթել մրցույթում:

 

Թիմի կազմում եղել են բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ Լեյլի Թադևոսյանը, Անուշիկ Աղինյանը, Հռիփսիմե Անթառանյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Հարություն Եսոյանը և Արման Հակոբջանյանը: Թիմի մարզիչն է եղել ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ Մարտուն Ստեփանյանը:

 

Մեզ հետ զրույցում Լեյլի Թադևոսյանը, որը նաև թիմի ավագն էր, պատմել է, որ մրցույթի ժամանակ թիմը, բացի իրավական գիտելիքների ներկայացումից, ցուցաբերել է նաև յուրօրինակ մոտեցում՝ եզրափակիչ փուլում ներկայացնելով հայցվորի կողմից տրված լիազորագիր և ընթացակարգային որոշ հարցեր կարգավորող դիմում, ինչը, բնականաբար, գնահատվել է արբիտրների կողմից:

 

Մասնակիցները փաստում են, որ այդ օրերին ամբողջովին նվիրվել էին դատախաղ-մրցույթին՝ ուսումնասիրելով ինչպես ներպետական իրավունքը, այնպես էլ միջազգային փորձը․ «Արդյունքում, չխախտելով տարիներ ի վեր ձևավորված ավանդույթը, գավաթը կրկին հանգրվանել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում»:

 

Տեղեկացնենք, որ պարգևների հանձնման ձևաչափը և ժամանակը կորոշվի առաջիկայում:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: