07.11.2018 | 
Մշակույթ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուների շնորհանդես:

Հիշեցնենք, որ 2016 թ.-ին Մշակույթի կենտրոնն իրականացրել էր  «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնը, որը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակներին: Այն անցկացվել էր երեք ուղղություններով՝ կոմպոզիտորական մրցույթ, գրական մրցույթ, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ: 

 

Այս երեք մրցույթների արդյունքում տպագրվել է 3 ժողովածու, որտեղ ընդգրկվել են հաղթած և խրախուսական մրցանակներ ստացած մասնակիցների ստեղծագործությունները:

 

Շնորհանդեսին մասնակցում էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Total Art» մշակութային ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը, ինչպես նաև «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը:

 

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Նա ասաց, որ իրենց նպատակն է ընդլայնել մրցույթ- փառատոնի ընդգրկման սահմանները:

 

Իրենց ստեղծագործություններով հանդես եկան ԵՊՀ տարբեր ֆակուլտետի շնորհալի ուսանողները՝ Անի Միքայելյանը, Լիլիթ Կարապետյանը, Մարինե Գալստյանը, Անի Քոչարյանը, Գայանե Թադևոսյանը, Մարիամ Մարգարյանը, Էդուարդ Հովհաննիսյանը և այլք:

 

Բեմում հնչած արձակ ու չափածո ստեղծագործություններից և երգերից հետո տեղի ունեցավ «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուի գինով օծման հանդիսավոր արարողությունը:

 

Պրոֆեսոր Սամվել Մուրադյանի խոսքով, այս շնորհանդեսը երկու տարի առաջ կայացած միջոցառման արդյունքն է. «ԵՊՀ  նորից իր բարձունքում է:  Ստեղծագործող ուսանողության մեջ երևացին շնորհալիները, որոնք գրականության, երգի և գեղանկարչության միջոցով հնչեցրին իրենց ձայնը: Այս սերունդը սեփական դեմքն ու ձայնն ունի»:

 

«Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ փառատոնին ունեցած նշանակալի ավանդի համար շնորհակալագրերով պարգևատրվեցին Սամվել Մուրադյանը, Արամ Սաթյանը, Աննա Հարությունյանը, ինչպես նաև «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող և հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը:

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ՆՄՈՒՇՆԵՐՈՎ
ԵՊՀ պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում գործող բուհական ամենամեծ և իր ցուցանմուշներով ամենահարուստ թանգարանն է: Համալսարանի հիմնադրման 100-ամյակին ընդառաջ թանգարանը համալրվել է համալսարանին վերաբերող բազմաթիվ նյութերով (լուսանկարներ, անձնական իրեր, արժեքավոր փաստաթղթեր, ԵՊՀ դասախոսների հուշեր, կերպարվեստի գործեր, ԵՊՀ երախտավորների դիմանկարներ, ընծայագրերով գրքեր): Այդ մասին ysu.am-ին տեղեկացրեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը:
«ՆՐԱՆՔ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ». ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսուա Վիոն պոետի մասին շատերը գիտեն։ Իր անբարո վարքի համար նա 1463 թվականին վտարվել է Փարիզից, ինչից հետո ուշ միջնադարի ամենամեծ բանաստեղծի մասին ոչ մի հստակ տեղեկություն չի եղել։ Հայտնի է միայն, որ Վիոնը մահացել է 1491 թվականից ոչ ուշ, երբ տպագրվեց նրա ստեղծագործությունների առաջին հատորը: