24.04.2014 | 
Քաղաքականություն
«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԵՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՉԵՆ»
«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՎԵՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՉԵՆ»
Ողջ աշխարհի հայությունն այսօր` ապրիլի 24-ին, հարգանքի տուրք է մատուցում Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այսօր՝ վաղ առավոտյան, Մայր բուհի ղեկավարությունը, ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, հերթական անգամ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ` ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ նահատակների:

 

Հիշատակի արարողություններ տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր կան: Երևանում այսօր՝ վաղ առավոտից, դեպի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին քայլում տասնյակ հազարավոր մարդիկ. գալիս էին ընտանիքներ, կազմակերպություններ, հասարակական և քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն հայ ժողովրդի վշտի նկատմամբ: Սփյուռքի շատ ներկայացուցիչներ էլ ժամանել են Հայաստան` այսօր հատուկ մասնակցելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող երթին:

 

«Այսօր, երբ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի դժվար բարձունքը, գնում ենք ոչ միայն խոնարհվելու անմեղ զոհերի հուշակոթողին ու նրանց հիշատակի առաջ, այլև գնում ենք երդվելու, որ ոչինչ չենք մոռացել և վրեժ ունենք դեռ լուծելու: Մենք դեռ ճանապարհ ունենք, և այդ ճանապարհը պետք է անցնենք վրեժի, հզորության և անպայման տեղ հասնելու հաստատ վճռականությամբ»,- ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն էլ նշեց, որ Մայր բուհի մի շարք կառույցների ներկայությունն այս պահին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ևս մեկ անգամ վկայակոչելն է. «Ավելին՝ այս օրը հերթական անգամ հիշեցումն է այն բանի, թե ինչ մեծ կորուստներ է ունեցել հայ ժողովուրդը 20-րդ դարում, և որի ցավերը առ այսօր ապաքինված չեն: Մեզ համար շատ կարևոր է հիշել այս ամենը ոչ թե պարզապես որպես հիշողություն, այլ ինքներս փորձենք մեր փոքրիկ լուման ներդնել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացում, և «վերացում» ասածը կարող է շատ ամպագորգոռ հնչել, բայց այստեղ է, որ մենք, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրենք՝ հետագայում մեր պետականությունն այնքան հզորացնելով, որ խոսք գնա արդեն պահանջատիրության ու փոխհատուցման մասին»:


Հ.Գ.: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը (1965 թ-ին), որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չիլին, Վատիկանը, ԱՄՆ 43 նահանգներ, ինչպես նաև Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևի նախագիծը հաստատել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովը:

Այլ նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: