14.07.2017 | 
ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ԱՎԱՐՏԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
ԵՎՍ ՄԵԿ ՍԵՐՈՒՆԴ ԱՎԱՐՏԵՑ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի 3 դասընթացների ամփոփման արարողությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն 5-րդ տարին անընդմեջ Մայր բուհը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոցը և այս տարի հյուրընկալել է ավելի քան 300 սփյուռքահայ երիտասարդների։

5 ուղղություններով անցկացվող դպրոցի երիտասարդ լրագրողների վերապատրաստման, ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության, երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացների ամփոփման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, դասընթացների պատասխանատուները, համալսարանականներ և դպրոցի մասնակիցներ։

ՀՀ Սփյուռքի փոխնախարարն իր ողջույնի խոսքում ասաց, որ այս 3 դասընթացները հաջող ընթացք ունեցան՝ շնորհիվ երկարատև և տքնաջան աշխատանքի․«Այս դպրոցի կարևորագույն առաքելությունը հային հայ պահելն է և աշխարհում ավելի մրցունակ դարձնելը։ Դպրոցում անցկացվող դասընթացներն ընտրված են հենց այդ սկզբունքով։ Սիրելի՛ մասնակիցներ, դուք էլ ձեր երկրներում քարոզե՛ք լինել հայ ու սիրել հայկականը, եղե՛ք լավագույնը ու մի՛ մոռացեք հայրենիքը»։



ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենն էլ, դիմելով մասնակիցներին, հորդորեց չմոռանալ Մայր բուհը, Սփյուռքի նախարարությունն ու այստեղ ձեռք բերած գիտելիքները․ «Հիշե՛ք, որ ունեք հայրենիք, որտեղ կան կառույցներ, որոնք մտահոգվում են ձեզ համար։ Այն դրոշը, որն այստեղ մենք փոխանցում ենք ձեզ, բա՛րձր պահեք ձեր երկրում»։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև ամփոփվող դասընթացների պատասխանատուները: Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթացի պատասխանատու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ հայրենիքն արդեն դպրոցի մասնակիցների սրտում է. «Հիշե՛ք, որ այդ հայրենիքի կորուստը սեփական ես-ի կորուստ պետք է լինի: Միշտ հիշե՛ք հայրենիքը, եղե՛ք հայրենիքի հետ ու հայրենիքում»:

Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացի ղեկավար Եկատերինա Ալթունյանն էլ ասաց, որ այս ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը ընդհանուր հարթակի ստեղծումն է, որը հետագայում կդառնա համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հիմք:

Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացի ղեկավար, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ իր երախտագիտության խոսքը հղեց հատկապես այն դասախոսներին և ուսուցիչներին, ովքեր դասավանդել են «Սփյուռք» ամառային դպրոցի այս երեք դասընթացների ընթացքում:

Տեղեկացնենք, որ դասընթացների ամփոփման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան ազգային երգի ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները:

Հավելենք նաև, որ դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր, որոնք հանձնեցին Մհեր Հովհաննիսյանը և Սերժ Սրապիոնյանը: