15.05.2019 | 
Մշակույթ
«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՄ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄԸ, ԱՊԱ ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՄ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
«ԵԹԵ ՉԼԻՆԵԻՆ  ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԻՄ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄԸ, ԱՊԱ ԵՍ ՉԷԻ ԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՄ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը:

Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ 100-ամյակին, իսկ կազմակերպիչը ԵՊՀ ՈՒԽ-ն էր:

 

Վաստակավոր արտիստին ուսանողները դիմավորեցին՝ կատարելով նրա երգերից մեկը:

Ծափողջույններից հետո Տիգրան Մանսուրյանն անմիջական սկսեց զրուցել ուսանողների հետ՝ վերհիշելով իր մանկության օրերը, օրրանը, երաժշտության հանդեպ առաջին սերն ու հիշողությունները:

Կոմպոզիտորը նշեց, որ ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում եղել է 30 տարի առաջ, և իրեն դիմավորել է գրականագետ Լևոն Մկրտչյանը:

Երաժիշտը պատմեց նաև Համո Սահյանի և Հրանտ Մաթևոսյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների մասին. «Մտավորականությունը, եթե նկատում է մեկին, որն աչքի է ընկնում, անմիջապես ներքաշում է իր աշխարհ: Համո Սահյանի հետ նույն շենքում էինք ապրում և հաճախ էինք միմյանց հետ կիսում մեր երեկոները»:

Կոմպոզիտորի համոզմամբ, մարդու անհատականության ձևավորման վրա տարբեր գործոններ են ազդում, բայց կարևորագույն դերը ծագումնաբանությանն է. «Երաժշտության, գեղեցիկի, վերերկրայինի հանդեպ սերն ու պատկերացումներն իմ ընտանիքից եմ ժառանգել»,- ընդգծեց երաժիշտը:



Նա պատմեց, որ իր մեծ հայրը Տիգրանակերտից է եղել և մեծ սեր է ունեցել երաժշտության հանդեպ: «Երբ պահանջ է ունեցել երաժշտությանը «տրվելու», առանձնացել է երկրորդ հարկի իր սենյակում ու վայելել երաժշտությունը: Այդ մասին իմանալով՝ շատ սիրեցի իմ մեծ հորը»:

Մինչև երաժշտությանը սիրահարվելն ու դրանով զբաղվելը՝ Տիգրան Մանսուրյանը 13 տարեկանում զբաղվել է լուսանկարչությամբ. «Հայրս լուսանկարիչ էր, եթե վատառողջ էր լինում, իր գործը ես էի կատարում՝ վերցնելով հսկայական լուսանկարչական սարքն ու շրջելով Արթիկի գյուղերում: Ես լուսանկարում էի մանկահասակ երեխաներին, դպրոցականներին. որքան մաքուր, զուլալ ու պարզ էին նրանք»:

Մանսուրյանը հիշում է նաև, որ երբ գյուղացիները գումար չէին ունենում, իր աշխատանքը գնահատում էին ձվով. «Լուսանկարչական սարքին ավելանում էր մի կողով ձուն, և ես ոտքով հասնում էի Արթիկ, կամ էլ պատահում էր՝ ճանապարհին հայտնված բեռնատար ավտոմեքենան ինձ հասցնում էր տուն՝ առանց գումարի ակնկալիքի, իսկ ես՝ առանց նրա բաժին շնորհակալությունը հայտնելու»:

Մանսուրյանի երաժշտական առաջին քայլերը եղել են Արթիկի ակումբում, երբ հորը կանչելու պատրվակով նա մտել է ակումբ ու այնտեղ տեսել դաշնամուրը. «Երբ ներս մտա, տեսա, որ հայրս դաշնամուր էր նվագում՝ առանց երաժշտական կրթություն ունենալու, դրանից հետո ես սկսեցի նվագել, հորինել մեղեդիներ, նվագել անվերջ ու անդադար»:

Գործիքին ծանոթանալու և նվագելու մասին հուշերում Մանսուրյանը չի մոռանում նաև ակումբի վարիչին, որն առանց բողոքելու ու տրտնջալու լսել էր իր հորինած բոլոր մեղեդիներն ու կատարումները: «Որքան համբերատար էր նա: Տարիներ առաջ գնացի Արթիկ, եղա այդ ակումբում, սակայն ոչինչ չէր մնացել, ամեն ինչ քանդվել էր»,- ցավով նշեց երաժիշտը:

Անդրադառնալով երաժշտական ճանապարհին իրեն հանդիպած դժվարություններին՝ կոմպոզիտորը նշեց, որ դժվարություններն են հարթում մարդու ճանապարհը. «Եթե չլինեին իմ ճանապարհի դժվարությունները և դրանք հաղթահարելու իմ ներքին մղումը, ապա ես չէի լինի այն, ինչ կամ»:


Ցերեկույթի ընթացքում ուսանողները հղեցին իրենց հուզող հարցերը մաեստրոյին, լսեցին նրա հորդորները:

 

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը: