19.02.2020 | 
Հասարակություն
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼԸ ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼԸ ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ այսօր համալսարանականներին գրքեր են նվիրում:

2008 թվականից Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»: Գրքի տոնն այս օրը նշելը պատահաբար չէ ընտրված. 1869 թ. փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է Հովհաննես Թումանյանը:

 

Արդեն երրորդ տարին է՝ ԵՊՀ-ն նույնպես հանդես է գալիս նախաձեռնությամբ և գրքեր նվիրում համալսարանականներին:

 

Գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանն ասաց, որ ԵՊՀ գրադարանը չէր կարող անմասն մնալ և չմասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը, ուստի արդեն մի քանի տարի է՝ գրքեր է նվիրում իր ընթերցողին. «Գրքերն ազատ դրված են սեղաններին, և ցանկացողները կարող են վերցնել: Հետաքրքիր է, որ նախաձեռնությանը միացավ նաև Իրավագիտության ֆակուլտետը՝ իր կողմից երկու անուն գիրք տրամադրելով մեզ»:

 

 

Գրադարանի տնօրենը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում գիրք նվիրելը մշակույթ կդառնա, և դա միակողմանի չի լինի, այսինքն՝ ոչ միայն գրադարանը գիրք կնվիրի, այլև գրադարանին կնվիրեն, մարդիկ նաև միմյանց կնվիրեն. «ԵՊՀ գրադարանը, բնականաբար, պարբերաբար գրքեր է ստանում, և սա շատ լավ առիթ է, որ մենք ևս այս խորհրդանշական օրը գրքեր նվիրենք մեր ընթերցողին»:

 

Ե. Միրզոյանի կարծիքով, նախաձեռնությունը հաջողված է, և դրա վկայությունն է այն, որ շատ կարճ ժամանակում սեղաններին դրված գրքերը սպառվեցին:

 

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը նշեց, որ մեծ սիրով համալսարանականներին՝ ուսանողներին ու աշխատակիցներին են նվիրում ոչ միայն ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը, այլև այն գրքերը, որոնք համալսարանը որպես նվեր է ստացել. «Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել, և ուսանողները մեծ ոգևորությամբ վերցնում են իրենց անհրաժեշտ գրականությունը, ուսումնական ձեռնարկները, քանի որ մենք նվիրում ենք այն բոլոր ոլորտների գրքերը, որոնք տպել ենք՝ թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական»:

 

«Բանբեր Երևանի համալսարանի» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Լևոն Ավետիսյանի կարծիքով, համալսարանականներին գիրք նվիրելը շատ ճիշտ նախաձեռնություն է, և այն պետք է շարունակական լինի. «Ինքս տեղյակ եմ, որ գրապահոցներում գրքերի կուտակումներ կան, որոնք հասանելի չեն ընթերցողին այն պարզ պատճառով, որ շատերն ուղղակի տեղյակ չեն դրանց գոյության մասին, շատ լավ է, որ այդ գրքերը հասանելի ենք դարձնում շատերի համար»:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Միքայել Մարտիրոսյանի համար միջոցառումը հաճելի անակնկալ էր. «Ինձ համար սա իսկապես անակնկալ էր, ուստի ես շտապեցի մի քանի մասնագիտական գիրք վերցնել: Նմանաբնույթ միջոցառումներ կազմակերպելը գովելի է, և ցանկալի է, որ դրանք շարունակական բնույթ կրեն»:

 

Հասմիկ Ասլանյան

 

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ՝ ԱՐԴԵՆ ՏՊԱԳԻՐ․ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Լույս են տեսել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (31), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (32) համարները։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և մեկնարկել է իրավունքի աշնանային դպրոցների շարք, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։