03.05.2010 | 
Մշակույթ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵՅԹԻԻ ՖՈՏՈԽՑԻԿԻՑ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԵՅԹԻԻ ՖՈՏՈԽՑԻԿԻՑ
Եվս մեկ անգամ հանդիսատեսը Արեւմտյան Հայաստանին հաղորդակցվեց Քեյթի Գունդակչյանի լուսանկարների միջոցով:

ԵՊՀ հայագիտական կենտրոնի մշակութային եղեռնի գիտական լաբորատորիայի գիտաշխատող Քեյթի Գունդակչյանը տարիներ շարունակ շրջագայությունների է մեկնում պատմական հայրենիք: Յուրաքանչյուր այցի ժամանակ տիկին Քեյթիի լուսանկարչական ապարատը ֆիքսում է պատմական հայրենիքի բնապատկերը:

 

Հերթական ցուցահանդեսը ԵՊՀ գիտաշխատողը ներկայացրեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Այս բացառիկ նկարները պարբերաբար ցուցադրվել են Երեւանի պետական համալսարանում, այլ բուհերում ու հանրապետության տարբեր մարզերում: «Քեյթի Գունդակչյանի նկարները երիտասարդներին մոտեցնում են իրենց ակունքներին»,- ասում է ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

 

Տիկին Քեյթին խոստովանում է, որ եղել են պահեր, որ մի կադր լուսանկարելու համար մեկուկես ժամ է պահանջվել, իսկ այսօր ցուցադրվող շուրջ 500 նկարներից յուրաքանչյուրը թուրքագետ նկարչուհու համար մեծ արժեք ունի: «Իմ կարոտն անսահման է, ես եղել եմ Արեմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, բացի իմ հայրենի ծննդավայրից` Կիլիկիայից»,- ասում է տիկին Քեյթին ու հուզմունքը հազիվ զսպելով` երգում է. «Երթա´մ, տեսնի´մ զիմ Կիլիկիան»:

 

Երգին միանում են նրա գործընկերներն ու ուսանողները`«էրգրի» երգն ու բնապատկերները հանդիսատեսին տեղափոխում են պատմական հայրենիք, որը, տիկին Քեյթի խոսքերով, միակն է: «Ինձ համար չկան Արեւմտյան ու Արեւելյան Հայաստաններ. կա մեկ հայրենիք, որ Աստծո կամոք միավորվելու է»,- ասում է Քեյթի Գունդակչյանը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։