04.05.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԵՊՀ 2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԵՊՀ 2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Կայացավ ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:

ԵՊՀ-ում ամբողջությամբ վերանայվել են մագիստրոսական ծրագրերը: Գործընթացը սկսվել է դեռևս այս ուստարվա սկզբում, այն իրականացրել է ԵՊՀ գիտխորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովը: Յուրաքանչյուր ծրագրի համար ստեղծվել են առանձին փորձագիտական հանձնաժողովներ, որոնցում ներառված են եղել ոչ միայն ԵՊՀ, այլև գիտակրթական տարբեր հաստատությունների մասնագետներ: Ըստ այդմ՝ 125 կրթական ծրագրեր արժանացել են հանձնաժողովների հավանությանը: Դրանցից 98-ը նախատեսված են առկա, մնացածը՝ հեռակա ուսուցման համակարգերի համար:

 

Նիստի ընթացքում քննարկման և հաստատման դրվեց նաև ԵՊՀ աշխատողների աշխատանքի որոշ տեսակների համար տրվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգում փոփոխությունների և լրացումների կատարումը: Խմբագրական որոշ բնույթի աշխատանքներից զատ՝ հստակեցվել է, թե ինչպես են հաշվարկվելու աշխատակիցների լրավճարները: Դա արվելու է «Ինտրանետ» էլեկտրոնային համակարգի միջոցով, որը գործարկվել է շուրջ մեկ տարի առաջ: Աշխատակիցները պետք է այնտեղ մուտքագրեն իրենց կատարած գիտական աշխատանքները (հոդվածներ, մենագրություններ, գրքեր, դրամաշնորհներ և այլն), այլապես լրավճար պարզապես չեն ստանա՝ անկախ աշխատանքների առկայությունից:  

 

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր վարձավճարներին: Հաստատվեցին ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և հայցորդների ուսման վարձավճարների չափերը: Առաջիկա ուստարվա համար դրանք կազմելու են նույնքան, որքան եղել են այս տարի: 

 

ԵՊՀ գիտխորհրդի կողմից հաստատվեցին ևս երկու փաստաթղթեր՝ ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը և Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը: Դրանցում կատարված փոփոխությունները վերաբերում են գնահատման կարգի փոփոխմանը, կամընտրական առարկաների ցանկին, պետական քննությունների վերացմանը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը և այլն: Այս երկու փաստաթղթերն էլ ուժի մեջ են մտնելու հաջորդ ուստարվանից:

 

Նշված երկու փաստաթղթերը առաջիկա օրերին հասանելի կլինեն ԵՊՀ պաշտոնական պորտալի «Փաստաթղթեր» բաժնում: 

 

Ընթացիկ հարցերի շարքում էլ բարձրացվեց ԲՈՀ-ի կողմից գիտական հրատարակությունների երաշխավորման չափորոշիչների խնդիրը: Համալսարանականների կարծիքով՝ այդ չափորոշիչների հստակեցման կարիք կա, քանի որ երբեմն այդ ցանկերում հայտնվում են հրատարակություններ, որոնք չեն կարողանում ապահովել բավարար գիտական մակարդակ, որոշներն էլ դուրս են մնում ցանկից՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների: Գիտխորհուրդը որոշում կայացրեց կազմել մի փաստաթուղթ, որում ներառված կլինեն դժգոհության առարկա կոնկրետ փաստեր, առաջարկություններ, և այն ներկայացնել ԲՈՀ-ին:

 

Օրակարգային վերջին հարցը նախատեսված էր շնորհավորանքների համար: Համալսարանի երախտավորներից մեկը՝ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սաղյանը, բոլորում է ծննդյան 60-ամյակը: Գիտնականին իրենց շնորհավորական խոսքն ուղղեցին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, նրա գործընկերներն ու պարզապես ընկերները:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին:
ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմեդ-Օ-Ջեբուռ Ալ-Մասուդիին: