02.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց կենսաբանության ոլորտում ուսանողական առաջին միջազգային եռօրյա գիտաժողովը:

Մայր բուհի 90-ամյակին եւ Կենսաբանության ֆակուլտետի 75-ամյակին նվիրված այս կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի եւ արտերկրի 100-ից ավելի ուսանողներ: Գիտաժողովի կազմակերպումն իրականացրել են ԵՊՀ-ն, Կենսաբանության ֆակուլտետը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը եւ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

 

Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեն բաղկացած է հիմնականում ուսանողներից (նախագահ` Հովակիմ Զաքարյան), իսկ գիտական կոմիտեի անդամները կենսաբանության ոլորտի առաջատար գիտնականներն են (նախագահ` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էմիլ Գեւորգյան): Գիտաժողովի հովանավորներն են «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը եւ ԵՊՀ արհկոմիտեն: «Շատ ներկայացուցչական եւ կարեւոր գիտաժողով է,- ասաց Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանը:

 

- Սա երիտասարդ գիտնականներին միմյանց հետ շփվելու, կապեր հաստատելու հնարավորություններ կտա: Հաճախ նույն ոլորտում աշխատող ասպիրանտները չգիտեն, թե ինչի մասին են մյուսների աշխատանքները: Գիտաժողովը նաեւ ինքնուրույն հանդես գալու, փորձ ձեռք բերելու առիթ է: Առավել եւս կենսաբանության ոլորտում, քանի որ այն 21-րդ դարի գիտություն է»: Նյութական միջոցների սղության պատճառով արտերկրի մասնակիցների ժամանումը Հայաստան անհնար եղավ ապահովել, ուստի նրանք հեռակա կարգով են մասնակցում գիտաժողովին:

 

Նրանց աշխատանքները տպագրվել են թեզիսների ժողովածուում: Թեեւ այդ ուսումնասիրությունները չեն ընթերցվելու գիտաժողովի ընթացքում, սակայն ժողովածուն կբաժանվի բոլոր մասնակիցներին, մեկական օրինակ կուղարկվի նաեւ հեղինակներին: Գիտաժողովը բաղկացած է բանավոր եւ ստենդային զեկույցներից: Ստենդային աշխատանքները, ըստ էության, նույն բանավոր աշխատանքներն են, միայն մեկ տարբերությամբ` զեկուցողները ելույթ չեն ունենում, այլ ներկայացում են իրենց ուսումնասիրությունը ստենդի տեսքով, ինչն ընդունված ձեւ է միջազգային գիտաժողովներում: Նման 27 աշխատանք կա: Գիտաժողովի ընդմիջման ժամանակ հեղինակները կանգնում են իրենց ներկայացրած ստենդի առաջ, որ եթե ընթերցողը հարցեր ունենա, անմիջապես դիմի ուսանողին:

 

Կենսաբանության բոլոր ոլորտներն ընդգրկող գիտաժողովին մասնակցում են ԵՊՀ-ն, ԳԱԱ ինստիտուտները, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ագրարային, Ռուս-հայկական (Սլավոնական) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանները, իսկ արտերկրի մասնակիցները ներկայացնում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Բաշկորտոստանի, Կարակալպակստանի բուհերը: Կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Հովակիմ Զաքարյանը անհրաժեշտ է համարում գիտաժողովների գոյությունն ուսանողի կյանքում. «Կրթական բուն գործընթացից բացի, ուսանողները պետք է զբաղվեն նաեւ գիտական աշխատանքներով:

 

Նման գիտաժողովը թույլ է տալիս նրանց ներկայացնել իրենց ուսումնասիրությունները, ինչը նույնքան կարեւոր է, որքան գիտական հանդեսներում այդ ուսումնասիրությունների հրատարակությունը»: Գիտաժողովի յուրաքանչյուր օրվա ավարտին ունկնդիրները կորոշեն, թե ում աշխատանքն է լավագույնը: Այդ նպատակով նրանց են բաժանվել հատուկ թերթիկներ, որոնք լրացնելուց հետո ունկնդիրները դրանք գցում են քվեատուփի մեջ: Ի դեպ, գիտաժողովի մասնակիցները քվեարկության իրավունք չունեն:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: