30.10.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հյուրն էր ԳԴՀ երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Ուդո Միխալլիկը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

 

Ռեկտոր Արամ Սիմոնյանը նախ հյուրին ներկայացրեց բուհի պատմությունը, ուսումնագիտական, հետազոտական գործընթացներն ու ծրագրերը, ինչպես նաև արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունը:

 

«Մենք աշխատում ենք քայլել ժամանակի պահանջներին համընթաց՝ անընդհատ բարեփոխումներ իրականացնելով և միջազգային գործընթացներին ներգրավվելով: Անկասկած, դժվարություններ կան, սակայն արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ ունենք գրանցած»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Ալեքսանդր Մարգարովն էլ անդրադարձավ միջազգային կրթական ծրագրերին, մասնավորապես «Erasmus» նախագծին և դրա շրջանակում ծավալվող փոխգործակցությանը միջազգային մի շարք առաջատար բուհերի հետ:

 

ԳԴՀ երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարը մի շարք հարցեր ուղղեց ԵՊՀ ռեկտորին, որոնք հիմնականում կապված էին ԽՍՀՄ փլուզումից հետո և ներկա փուլում իրականացվող գործընթացներին, դրանց հետ կապված դժվարություններին, ինչպես նաև կրթական ծրագրերում գիտահետազոտական տարրերի ներգրավմանը և այլն:

 

Արամ Սիմոնյանը բավականին հանգամանալից ներկայացրեց նախկինում և ներկայումս իրականացվող գործընթացները՝ անդրադառնալով նաև բուհի ռազմավարությամբ ամրագրված ծրագրերին: 

 

Ուդո Միխալլիկը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը հանդիպման և համապարփակ տեղեկատվության համար. «Զարգացման բավականին հետաքրքիր փուլեր է հաղթահարել Երևանի պետական համալսարանը՝ գրանցելով ողջունելի արդյունքներ: Բուհական համակարգում իսկապես լուրջ խնդիրներ կան ամբողջ աշխարհում, և ուրախալի է, որ Հայաստանի Մայր բուհը հաստատուն քայլերով առաջ է ընթանում»:

 

 

Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ ու տեղեկատվական գրքույկներ փոխանակեցին, ինչից հետո Ուդո Միխալլիկն այցելեց Ֆարմացիայի ինստիտուտ: 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: