04.02.2019 | 
Կրթություն
ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐԻ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ
ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐԻ ԱՆՏԻՊ ԵՐԿԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ
Կհրապարակվեն ամերիկացի հայտնի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի գրական այն գործերը, որոնք հեղինակը ստեղծել է, երբ նախընտրել է առանձնանալ հասարակությունից և փակ կյանքով ապրել:

Այս մասին հայտնում է բրիտանական «The Guardian»-ը՝ մեջբերելով Սելինջերի որդու՝ Մեթ Սելինջերի խոսքերը. «Իմ հայրը մոտ 50 տարի ստեղծագործել է առանց հրապարակվելու: Հավատացեք, որ այս ընթացքում հրապարակվելու արժանի շատ նյութեր են կուտակվել»:

 

Աշխարհահռչակ գրողի վերջին պատմվածքը տպագրվել է «New Yorker» ամսագրում 1965 թվականին:

 

«The Guardian»-ում տեղ գտած հարցազրույցում Մեթ Սելինջերը նշել է, որ այս ամբողջ ընթացքում իր հայրը շարունակել է ստեղծագործել:

 

Ավելի քան կես դար՝ մինչ 2010 թվականը, հասարակությունից առանձնանալով, Ջերոմ Դեյվիդ Սելինջերն իրեն ամբողջությամբ նվիրել է գրականությանը և ստեղծագործական կյանքին:

 

«Պատահում էր, որ երբ մենք միասին մեքենայով ինչ-որ տեղ էինք գնում,- պատմում է Մեթ Սելինջերը,- հայրս կարող էր մեքենան մի անկյունում շատ կտրուկ կանգնեցնել և գրի առնել այն ամենը, ինչի մասին այդ պահին մտածում էր: Երբեմն ինձ ցույց էր տալիս այդ գրվածքները, երբեմն էլ՝ ոչ»:

 

Մեթն ակնարկել է, որ ձեռագրերում նշվում է նաև Գլասով ընտանիքների պատմության մասին, որոնք ընթերցողին ծանոթ են «Մակույկում», «Ծպեղները բարձր, ատաղձագործներ», «Ֆրենին և Զուին» հայտնի պատմվածքներից:

 

Հարցազրույցի ժամանակ Մեթ Սելինջերն ավելացրել է, որ հոր ուշ շրջանի գրական գործերը չունեն սյուժեի զարգացման հստակ գծեր:

Ջերոմ Դեյվիդ Սելինջերի մահվանից հետո ձեռագրերի տնօրինման բացառիկ իրավունքը պատկանում է որդուն և գրողի կնոջը՝ Կոլին Օնիլին:

 

2011 թվականից նրանք երկուսով աշխատում են Սելինջերի թողած գրական ժառանգության վրա:

 

«Հայրս ինձ հանձնարարել է ի մի բերել իր ձեռագրերը՝ լավ իմանալով, որ այդ աշխատանքը երկար ժամանակ է պահանջում: Հավատացեք, որ 50 տարվա ընթացքում նա հասցրել է շատ պատմություններ գրել: Հենց որ նյութն ամբողջապես պատրաստ լինի, մենք այն կհրապարակենք»,- նշել է Մեթը:

 

Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է ևս մի քանի տարի տևել:

 

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: