Այս առիթով Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում կազմակերպվել էր ցերեկույթ` «Շեքսպիրը հայ իրականության մեջ» խորագրով: Այս տարի լրանում է նրա 445-ամյակը: Ներկա էին ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաեւ Շեքսպիրի արվեստի սիրահարներ: Միջոցառման ընթացքում ուսանողների կատարմամբ հնչեցին սոնետներ, որոնց մի մասը հենց իրենք էին անգլերենից հայերեն թարգմանել:
Մի քանի հոգի էլ զեկույցներ ներկայացրին Շեքսպիրի կյանքի, անցած ուղու եւ գրական գործունեության մասին: Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Կոջոյանը ներկաներին պատմում էր այն ամենի մասին, ինչ տեսել եւ զգացել էր գրողի ծննդավայրում` Ստրատֆորդում: 2008 թ-ին Անգլախոսների միության եւ Օքսֆորդի համալսարանի կողմից կազմակերպվել էր գիտաժողով, որին մասնակցելուց հետո Անին շահել էր կրթաթոշակ եւ հնարավորություն ստացել 15 օրով մեկնելու Անգլիա:
Ստրատֆորդում նրանց խմբին դիմավորել էին 16-րդ դարին բնորոշ հագուստներով մարդիկ, իսկ մեծ գրողի տուն- թանգարանի բակում նրանց սպասելիս են եղել շեքսպիրյան հերոսները: Նրանք նաեւ Օքսֆորդի թատրոնում դիտել են «Համլետ» ներկայացումը: Վերջում ներկաները դիտեցին «Համլետ» ֆիլմը` անգլերեն լեզվով: Շեքսպիրագիտությամբ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում զբաղվում են դեռեւս նախորդ դարի 60-ական թվականներից: Մինչեւ հիմա 10 գիտական ատենախոսություն է պաշտպանվել այդ թեմայով: Պարբերաբար անցկացվել են նաեւ միջազգային գիտաժողովներ:
Անցյալ դարի 70-ական թվականներին է ձեւավորվել Երեւանի պետական համալսարանի թարգմանչաց դպրոցը, երբ սկսվեց դասավանդվել թարգմանության տեսություն եւ պրակտիկա առարկան: Դրանից հետո ուսանողների մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ, սկսեցին օտարալեզու գրքեր թարգմանել, գիտական աշխատություններ գրել: «Աստղիկ» հանդեսի յուրաքանչյուր համարում հատուկ տեղ է հատկացվում Շեքսպիրի գործերի եւ թարգմանությունների ուսումնասիրությանը: «Հուսով ենք, որ մի օր համալսարանում էլ շեքսպիրագիտության կենտրոն կբացվի, եւ այսպիսի միջոցառումները պարբերական բնույթ կկրեն: Այս տարի Շեքսպիրի 445-ամյակն է, բայց այնքան էլ պատշաճ կերպով չի նշվում»,- ասում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լենա Ղազարյանը: