13.11.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը 5 տարեկան է:

Հոբելյանական օրը սկսվեց միջոցառումների եւ գիտաժողովի բացման պաշտոնական արարողությամբ, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, շնորհավորելով սոցիոլոգներին իրենց ֆակուլտետի տոնի առթիվ, մանրամասնեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման պատմությունը:

 

«Իհարկե, սոցիոլոգիան համալսարանում 5 տարեկան չէ, այն ավելի ծեր է, դեռեւս 1980 թ-ից ԵՊՀ-ում գործում է սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիան, որի հիման վրա, Լյուդմիլա Հարությունյանի նախաձեռնությամբ, 1986-ին կազմավորվեց Սոցիոլոգիայի ամբիոնը: Իսկ 2004 թ-ին Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետների կազմում գործող Սոցիոլոգիայի ամբիոնից առանձնացավ Սոցիալական աշխատանքի եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, եւ այդ երկու ամբիոնների հիման վրա ԵՊՀ-ում` որպես առանձին ստորաբաժանում, ստեղծվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետը:

 

Իր ստեղծման օրվանից այս ֆակուլտետը աչքի է ընկնում միջազգային համագործակցությամբ, հեռահաղորդակցությամբ, ուսանողության կրթական բարձր որակով»,- ավելացրեց ԵՊՀ պրոռեկտորը: Մասնակիցներին ներկայացվեց ֆակուլտետի նորաստեղծ էլեկտրոնային կայքը (www.socioiogydl.am), ցուցադրվեցին ֆակուլտետի հոբելյանին եւ 39-րդ համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսին ԵՊՀ-ական սոցիոլոգների մասնակցությանը նվիրված տեսահոլովակներ, ընթերցվեցին հոբելյանի առթիվ ստացված հեռագրերը: Հոբելյանական գիտաժողովը կրում էր «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները տեղեկատվական հասարակության պայմաններում» խորագիրը, իսկ գիտաժողովի վերջում ներկայացվեցին ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գիտաժողովում հաղթած աշխատանքները:

 

Միջոցառումների երկրորդ մասում կատարվեց ՈՒԳԸ հոբելյանական նստաշրջանի արդյունքների ամփոփում եւ մրցանակների բաշխում: Ապա ուսանողական տոմսեր հանձնվեցին ֆակուլտետի առաջին կուրսեցիներին: Իսկ մասնակիցներին ներկայացվեցին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների կողմից հրատարակված նյութերը: Հոբելյանական միջոցառումներն ավարտվեցին երաժշտական ծրագրով, որից առաջ IPSC կազմակերպության ներկայացուցիչները հանդես եկան կրթաթոշակների մասին հայտարարությամբ:

 

Իսկ ֆակուլտետի հիմնադիր դեկան Լյուդմիլա Հարությունյանը սոցիոլոգներին մաղթեց տոկունություն, առողջություն, դիմադրելու ունակություն եւ մեծ լավատեսություն, որպեսզի ի վիճակի լինեն բուժելու հասարակությանը. «Եթե հասարակությունը մեզ որպես արտացոլող չի ընդունում, ապա ստիպված է ընդունելու որպես կանխատեսող: Ես համոզված եմ, որ Հայաստանը տարածաշրջանում կայանալու է որպես ճիշտ երկիր, եւ սոցիոլոգները լինելու են մեր երկրի սիրված զավակները»:

Այլ նորություններ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ ՀԻՄՔՆ Է ԱԶԳԱՅԻՆԻ». ՊՅՈՏՐ ՕՍԿՈԼԿՈՎ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Էթնիկությունը և ազգայնականությունը ժամանակակից աշխարհում» («Этничность и национализм в современном мире») հրապարակային դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի պետական ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Պյոտր Օսկոլկովը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։