«Մարդը, ով ավարտել է երեկ եւ դադարել է սովորել այսօր, վաղն անգրագետ է». այս կարգախոսով ողջունեցին ուսանողներին հանդիպման կազմակերպիչները` ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության «Անգլախոսների ակումբը»:
Արդեն երկու տարի է, ինչ ակումբն սկսել է ակտիվորեն գործել եւ պարբերաբար քննարկումներ կազմակերպել: Եթե նախորդ տարի այն ընդգրկում էր միայն մեկ ֆակուլտետ, ապա այս տարի կազմակերպիչները նախատեսում են աշխատանքների մեջ ներգրավել նաեւ մյուս ֆակուլտետների ուսանողներին:
«Անգլախոսների ակումբի» հավաքները տեղի են ունենում յուրաքանչյուր չորեքշաբթի: Օրվա համար նախապես ընտրվում է քննարկման թեմա, որի շուրջ զեկուցումներով կամ պարզապես բանավոր կարծիքներով հանդես են գալիս ուսանողները: Քննարկումները անգլերենով են, ինչը թույլ է տալիս զարգացնել լեզվական հմտությունները, իսկ թեմաները` բազմազան` սկսած մշակութայինից մինչեւ սոցիալական տարբեր խնդիրներ:
Հաջողություն մաղթելով ակումբի աշխատանքներին` ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը հորդորեց ուսանողներին անպայման օգտվել այս հնարավորությունից. «Այս քննարկումների արդյունքում կարող եք ոչ միայն զարգացնել ձեր լեզվական հմտությունները, այլեւ ճանաչել այն երկիրը, որի լեզուն ուսումնասիրում եք»: Այս հանդիպման թեման Հայաստանում եւ արտերկրում գործող կրթական համակարգն էր:
Ուսանողները խոսեցին դրանց առավելությունների ու թերությունների մասին, հանդես եկան սեփական առաջարկություններով: Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Կոջոյանը ներկայացրեց նաեւ ներկայումս գործող մի քանի միջազգային ծրագրեր ու այն կայքերը, որոնց միջոցով ուսանողները կարող են դիմել տարբեր միջազգային կրթական եւ մշակութային ծրագրերի: Հանդիպման ընթացքում մասնակիցները դիտեցին նաեւ փոքրիկ ճանաչողական ֆիլմ Օքսֆորդի համալսարանի մասին: