«Չկրակված փամփուշտներ» ֆիլմը, որ ցուցադրվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, մարտի 6-ին Երեւանի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց:
Ֆիլմը պատկերում է Արցախի գոյամարտի դրվագները: Բոլոր հերոսները վերապրածներ են, ոչ մի դերասան չկա, միայն գլխավոր հերոսին է ուսանող մարմնավորել: «Ֆիլմի ստեղծումը շատ կարեւոր եւ արդիական է,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:- Մեր երիտասարդներն այսօր այլասերման ճանապարհին են, ու նրանց հայրենասիրության դաշտ բերելու խնդիր ունենք»:
«Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած վերջին ֆիլմը` «Չկրակված փամփուշտները», գեղարվեստական է` վավերագրական կադրերով: Ֆիլմում առաջին անգամ փորձ է արվում անդրադառնալ Նախիջեւանի եւ մի շարք հայկական գյուղերի խնդրին, ինչի մասին մյուսները գերադասում են լռել: Այս կինոնկարն իսկական թիմային աշխատանքի արդյունք է, երբ «փշուր առ փշուր հավաքած մարգարիտը» վերադարձնում են դիտողին:
Հերոսը Աղվան Մինասյանն է` 23-ամյա պատանի` Հայաստանի գրողների միության անդամ, Չարենցյան մրցանակի դափնեկիր: Եղբայրը հրամանատար Աշոտ Մինասյանն է` Աշոտ Երկաթը, ով չի կարողանում կրտսեր եղբորը զերծ պահել պատերազմից: «Ամեն կորցրած զինվորի հետ քեզ նորից կորցնում եմ, ամեն նոր եկող զինվորի հետ` գտնում»,- տարիներ անց մորմոքում է եղբայրը:
Կինոնկարի ռեժիսորը վստահ է, որ եթե ֆիլմն անգամ մեկ հոգու վարակի ջերմությամբ, ուրեմն այն ծառայել է իր նպատակին: «Հիմա երիտասարդ սերնդի պայքարի ժամն է, ու պետք է պայքարել ոչ թե ռազմի դաշտում, այլ մշակույթի, գիտության ասպարեզներում»,- ասում է Սամվել Թադեւոսյանը:
«Հիմա էլ պատերազմ է,- ասում է ֆիլմի հեղինակն ու ավելացնում.- Մեր անդավաճան թշնամի թուրքը ամեն կերպ մեզ զգոն է պահում. Գուրգեն Մարգարյան, Հրանտ Դինք... Էլ ինչպե՞ս բացատրեն հայերիս, որ հանգիստ քնել չենք կարող»:
Եթե պոետ հերոսն ասում է. «Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու...», ուրեմն պետք է կռվել այդ երազանքի, չնվիրված ծաղիկների, խարխուլ մատուռների ու երազ-հայրենիքի համար:

Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին։