18.04.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀՈՆԿՈՆԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀՈՆԿՈՆԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Սինգապուրի զարգացում. հաջողության հիմքերը» թեմայով հանդիպում-դասախոսություն, որը վարում էր Հոնկոնգի չինական (Հան) ակադեմիայի փոխտնօրեն, միջազգայնագետ Վահագն Վարդանյանը։

Հարկ է նշել, որ Վահագն Վարդանյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, այնուհետև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի աստիճան: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ‐ում՝ Միսսուրի նահանգի պետական համալսարանում, որտեղ ստացել է միջազգային հարաբերությունների և կառավարման մագիստրոսի աստիճան: Շուրջ տասը տարի աշխատել է Հայաստանի բանկային համակարգում։ 2005 թ.‐ից ապրել է Արևելյան Ասիայում, մինչև 2008 թ.‐ը՝ Պեկինում, այնուհետև՝ Սինգապուրում: 2017 թ. հունիսից աշխատում է Հոնկոնգի չինական (Հան) ակադեմիայում՝ որպես փոխտնօրեն և Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրի ղեկավար:

Հանդիպմանը ներկա էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ ինչպես Տնտեսագիտության և կառավարման, այնպես էլ այլ ֆակուլտետներից։

Միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկանը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ հանդիպումն արդյունավետ է լինելու ուսանողների համար։ Նա ասաց, որ ուսանողները հետադարձ կապի հնարավորություն ունեն բանախոսի հետ և կարող են նրան ուղղել թեմայի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։



«Սինգապուրի զարգացում․ հաջողության հիմքերը» խորագիրը կրող հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկայացվեցին Սինգապուրի զարգացման ուղիները, հաջողության նախադրյալներն ու այդ երկրի առանձնահատկությունները։

Բանախոս Վահագն Վարդանյանը հարցերի միջոցով նախ փորձեց հասկանալ, թե քննարկման մասնակիցներն ինչ տեղեկություններ ունեն Սինգապուրի մասին։ Այսպիսով՝ լսարանը տեղեկացավ, որ Սինգապուրի տարածքը 718,3 կմ² է, իսկ բնակչությունը՝ մոտ 5 500 000 մարդ, լեզուներն են անգլերենը, չինարենը, մալայերենն ու թամիլերենը։

Նա ասաց, որ Սինգապուրն իր անկախացման շրջանում զարգացման զրոյական շանսեր է ունեցել, և հենց այդ պատճառով է, որ նրա վերընթացն անվանում են տնտեսական հրաշք։

Բանախոսն այս զարգացման հիմնական նախադրյալների թվում նշեց աշխարհագրական դիրքը, տնտեսական շատ ճիշտ ռազմավարությունն ու կրթության հանդեպ հետևողական լինելը։

«Սինգապուրը գտնվում է շատ շահեկան աշխարհագրական դիրքում, որով պայմանավորված՝ նավագնացության զգալի մասը Խաղաղ և Հնդկական օվկիանոսների միջև անցնում է Սինգապուրով»,- ասաց նա և ավելացրեց,  որ Սինգապուրը, չունենալով բնական պաշարներ, միակ հույսը դրել էր աշխատուժի վրա, ինչն էլ գերազանց արդյունքների հանգեցրեց։

Տարբեր երկրների, այդ թվում նաև Հայաստանի զարգացման համար Վ․ Վարդանյանը բերում է Սինգապուրի օրինակը՝ նշելով, որ այնտեղի տնտեսական հաջողության հիմնական պայմաններից մեկն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն ու եղած ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է։



«Սինգապուրի զարգացում․ հաջողության հիմքերը» թեմայով հանդիպում-դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների շրջանում։ Բանախոսը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին՝ ասելով, որ տնտեսական վերելք գրանցելու համար Սինգապուրի օրինակին կարող է հետևել նաև Հայաստանը։

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն՝ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ԲՈՒՀ, ՄԵԾ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ». ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՅԵԴ ՔԱԶԵՄ ՍԱՋԱԴԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որը շուտով ավարտում է իր աշխատանքային լիազորությունները Հայաստանի Հանրապետությունում:
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով: