17.01.2022 | 
Հասարակություն
«ԵՊՀ-Ն ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է». ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
«ԵՊՀ-Ն ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է». ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է ծննդյան հիսունամյակը: Հայաստանում իրանագիտության լավագույն ավանդույթների պահպանման, դրանց զարգացման և նոր սերունդներին փոխանցելու գործում մեծ ավանդ ունեցող Վ. Ոսկանյանի հետ զրուցել ենք ձեռքբերումների, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:

- Պարո՛ն Ոսկանյան, շնորհավորում ենք Ձեզ 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ո՞րն եք համարում Ձեր կեսդարյա կենսագրության գլխավոր ձեռքբերումը:

 

- Եթե անձնական տիրույթում դիտարկենք, ապա պետք է նշեմ, որ իմ ամենակարևոր ձեռքբերումն ընտանիքս և ընկերներս են: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, ինչի համար հպարտ եմ շատ: Եթե խոսենք գործնական դաշտից, ապա ձեռքբերումս հենց մասնագիտությունս է: Իրանագիտությունը, ըստ էության, այն տիրույթն է, որին մենք՝ իրանագետներս, նվիրում ենք մեր կյանքի զգալի մասը: Այս համատեքստում ուզում եմ մատնանշել իրանագիտության դպրոցի առկայությունը Հայաստանում, որի ձևավորման գործում մի փոքր ներդրում էլ ես եմ ունեցել՝ ի դեմս իմ աշակերտների, որոնք այսօր արդեն կայացած իրանագետներ են:

 

- Զբաղվում եք մանկավարժական, գիտահետազոտական, վարչական, հասարակական և այլ գործունեությամբ: Որո՞նք են Ձեր ոգեշնչման աղբյուրը և առաջ մղող ուժը:

 

- Առաջին հերթին Հայաստանը՝ որպես մշակութային, քաղաքակրթական և պետականության մեջ ձևավորված երևույթ: Սա շատ կարևոր է, քանի որ պետականության առկայությունն է, որ բնորոշում է մեզ, և որն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար: Այն պետք է աչքի լույսի պես պահել ու պահպանել: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը, ապա կրկին պետք է նշեմ իրանագիտությունը: Այն հսկայական օվկիանոս է, որը վերաբերում է գրեթե 250 մլն իրանալեզու ժողովուրդների մշակույթին, լեզուներին, պատմությանը, քաղաքակրթական կարևոր այն դերին, որ ունեցել են իրանալեզու զանազան պետություններն այս տարածաշրջանում պատմության ողջ ընթացքում: Բնականաբար այդ հատույթում են նաև հայ-իրանական հարաբերությունները՝ թե՛ քաղաքակրթական,  թե՛ լեզվական, թե՛ քաղաքական: Հենց իրանագիտությունն է այն տարերքը, որտեղ ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում:

 

- Պարո՛ն Ոսկանյան, փաստորեն արդեն 33 տարի համալսարանական եք: Ի՞նչ դեր ու նշանակություն ունի ԵՊՀ-ն Ձեր կյանքում:

 

- ԵՊՀ-ն այն միջավայրն է, որտեղ մենք կայացել ենք որպես մարդ, որպես քաղաքացի և որպես մասնագետ: Եթե փորձեմ պատկերավոր համեմատություն անել, ապա    ԵՊՀ-ն Հայաստանի այն մայր ակունքներից մեկն է, որտեղ ձևավորվում է քաղաքակրթական միտքը, ձևավորվում է գաղափարախոսություն, որտեղ մարդը ձեռք է բերում աշխարհայացք: 1989 թ. ընդունվեցի համալսարան և մինչև այժմ այստեղ եմ: Չի եղել որևէ վայրկյան, որ ես ափսոսամ որոշմանս համար, ինչը շատ կարևոր է: Ես նշեցի, որ Մայր բուհը մեր երկրի կարևոր ակունքներից մեկն է, ուզում եմ ավելացնել նաև, որ ոչ մի պարագայում չի կարելի այն աղտոտել: Շատ կարևոր է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, տարբեր վայրիվերումներին ու փոփոխություններին՝ ԵՊՀ-ն այսօր էլ շարունակում է մնալ այն օրրանը, որը ձևավորում է մեր հասարակության մտքի գերակշիռ մասը: Կարող ենք ասել, որ ԵՊՀ-ն մտավոր աշխատանքի կարևորագույն լաբորատորիա է:

 

- Առաջիկայում ի՞նչ անելիքներ ու նպատակներ ունեք: Եվ ո՞րն է Ձեր երազանքը:

 

- Պատրաստվում ենք իրականացնել կարևորագույն ծրագիր՝ հրատարակել թալիշերենի դասագիրք: Ըստ էության, առաջին անգամ է նման գործ արվում: Դասագիրքը կազմվել է իմ աշակերտ Հակոբ Ավչյանի հետ համահեղինակությամբ: Ի դեպ, աշխարհի ոչ մի ուրիշ համալսարանում թալիշերենի դասավանդում չկա, միայն այստեղ՝ ԵՊՀ-ում է դա իրականացվում: Պատրաստում ենք նաև գիրք՝ նվիրված հայության ռազմաքաղաքական դերակատարությանն այն տարածքում, որն այժմ հայտնի է Ադրբեջանի Հանրապետություն անունով: Բացի այս ամենից՝ նախատեսում ենք ունենալ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող իրանալեզու ժողովուրդներին նվիրված հնարավորինս համապարփակ ժողովածու:

 

Եթե փորձեմ սահմանել երազանքս, ապա դա Հայաստանի երկու հատվածների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերամիավորումն է, նաև այնպիսի պետություն ունենալը, որը կկարողանա այս տարածաշրջանում առանձնանալ հզոր և տեսանելի գոյությամբ. այնպիսի գոյություն, որով մենք կհպարտանանք: Մեր բոլոր գործունեություններն էլ պիտի ծառայեն Հայաստանը հզորացնելուն:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանականներին:

 

- Համալսարանն ընձեռում է հնարավորություն՝ ստանալու պատշաճ կրթություն, բայց կա կարևոր առանձնահատկություն, որի մասին չպետք է մոռանալ. տարիների ընթացքում պետք է զբաղվել նաև ինքնակրթությամբ: Բացի դրանից՝ խորհուրդ կտամ կրթությունը հասկանալ լայն իմաստով, այն չդիտարկել միայն որպես մասնագիտություն, այլ նաև կրթվածություն, որի մակարդակը պետք է մշտապես բարձր պահել՝ հարիր համալսարանականին:

 

Ի դեպ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը՝ ի դեմս ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի, նախաձեռնել էր միջոցառում՝ նվիրված ամբիոնի վարիչի հոբելյանին:

 

Միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, ֆակուլտետի երկարամյա դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի պետ Գոհար Իսկանդարյանը, գործընկերներ ու ընկերներ:

 

ԵՊՀ ռեկտորը համալսարանի կողմից հոբելյարին նվիրել է Շուշիից բերված «Որոտան-Դիզակ» ձեռագործ կարպետ։ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մելքոնյանն իր խոսքում բարձր է գնահատել հարևան Իրանը ճանաչելու, իրանական զարգացումները և դրանց հետ առնչվող մարտահրավերները հայաստանյան հասարակությանը հասկանալի լեզվով ներկայացնելու հարցում Վ. Ոսկանյանի ունեցած կարևոր դերը և իր գիտելիքներն ի շահ Հայաստանի ծառայեցնելու անմնացորդ նվիրումը։ 

 

Շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև միջոցառման հյուրերը՝ բարձր գնահատելով Վ. Ոսկանյանի գործունեությունը և վաստակը:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։