20.02.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նախասրահում, ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես տոնը նշելու համար կազմակերպել էին հանդիսություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ:

Հանդիսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ Սեյրան Զաքարյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ, գերաշնորհ հայրեր, ուսանողներ և զինվորներ:



Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը: Նա նշեց, որ Վարդանանց տոնը մեր եկեղեցու ամենասիրված և ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է: Պրոռեկտորը կարևորեց միջոցառումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնելու գաղափարը, ապա նշեց, որ արդեն 11-րդ տարին է, ինչ Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի ջանքերով կազմակերպվում է Սուրբ Վարդանանց տոնին նվիրված հանդիսությունը: Վերջինս առանձնացրեց ուսանողների մասնակցությունն այս հանդիսությանը, քանի որ այն իր բարերար ազդեցությունն է ունենում նրանց հոգևոր դաստիարակության հարցում:



Նշենք նաև, որ «Վարդանանց պատերազմը հայոց ինքնության համատեքստում» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը: Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին:

Հանդիսության մշակութային մասն ապահովեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերը, «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:



Հիշեցնենք, որ Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության օրն է: Իսկ Վարդանանք անունով ճանաչվում են այն բոլոր նահատակները, որոնք իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451 թվականին: Հայ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին՝ Վարդան զորավարի գլխավորությամբ:


Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։