09.02.2018 | 
Մշակույթ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Փետրվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:

Արդեն 9-րդ տարին անընդմեջ աշխարհիկ և հոգևոր կրթօջախները համատեղ կազմակերպում են այս միջոցառումը:

 

Տոնական միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը,  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, գերաշնորհ հայրեր, ուսանողներ և զինվորներ:

 

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: 

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ով իր խոսքում նշեց, որ հայոց պատմության մեջ միշտ էլ հավատքի զորացման համար հայրենի հողը դիտարկվել է որպես պարարտ անդաստան, որտեղ հայ մարդը կարողացել է արտահայտել իր հոգևոր ապրումը և կերտել իր մշակույթը:

 

 

«Տոնական այս օրը Վարդանանց նահատակներին մեր կյանքում վերաարժևորելու հնարավորություն է ընծայում: Հերոսական անցյալի ու պատմության շնորհիվ մենք ավելի ինքնավստահ և ավելի փորձառու ենք կանգնում հանդիպման մերօրյա բազմաթիվ մարտահրավերներին և գայթակղություններին»,- ասաց հոգևոր ճեմարանի տեսուչը:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով փաստեց, որ այս միջոցառումն արդեն վերածվել է գեղեցիկ ավանդույթի. «Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային, կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը»:

 

«Մեր համալսարանում և համոզված եմ, որ նաև Հայաստանի մյուս բուհերում այսօր մենք ունենք նոր վարդաններ: Նրանցից շատերն անցել են Ապրիլյան քառօրյա պատերազմի թոհ ու բոհով, շատերն էլ այսօր ՀՀ զինված ուժերում իրականացնում են մարտական հերթապահություն: Վարդանանց տոնի խորհուրդն այսօր յուրահատուկ և արդի ձևակերպում է ստանում ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում»,- հավելեց պարոն Մարկոսյանը:

 

Տոնական միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Հայրապետ Մարգարյանը, իսկ գեղարվեստական մասն ապահովեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը, նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: Այս տոնական օրվան ընդառաջ թանգարաններում այցելուների թիվը մեծապես ավելանում է:
ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ԵՊՀ-ՈՒՄ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԵՐՈՎ ՈՒ ԱՍՄՈՒՆՔՈՎ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Մայր բուհում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մշակութային միջոցառում, որի ընթացքում հանրապետության մի քանի դպրոցների աշակերտներ հանդես եկան ֆրանսիական երգերով և ասմունքեցին ֆրանսիացի ժամանակակից գրողների բանաստեղծությունները: