20.10.2016 | 
Գիտություն
ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԿՈՎ ԱՎԵԼԱՑԱՎ
ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԿՈՎ ԱՎԵԼԱՑԱՎ
ԵՊՀ 77-րդ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացավ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևը:

Այս օրերին Հայաստանում անցկացվում է  «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովը՝ նվիրված ինստիտուտի 60-ամյակին: Դրան մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել մեծ պատվիրակություն: Այսօր պատվիրակության անդամները՝ ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ, հյուրընկալվել էին նաև ԵՊՀ-ում:

Նախ նրանց իր աշխատասենյակում ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, գիտական գործունեությունը, ստացված արդյունքները, պատասխանեց նաև ռուս գործընկերներին հետաքրքրող հարցերին:

 

«ԵՊՀ-ի կապերը արտասահմանյան բուհերի հետ բավականին ակտիվ են, իսկ կոնկրետ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գիտական կապերն ունեն երկար տարիների պատմություն, մեր գիտնականներից շատերին դուք հաճախ տեսնում եք Դուբնայում, քան մենք այստեղ,- կեսլուրջ-կեսկատակ նշեց պարոն Սիմոնյանն ու հավելեց,- մենք շատ լավ հասկանում ենք, որ դա միայն նպաստում է գիտական բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը»:

 

Այնուհետև ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ռեկտորը Վիկտոր Մատվեևին հանձնեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիրն ու ԵՊՀ ոսկե մեդալը՝ գիտության զարգացման և ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև գիտական կապերի ամրապնդման համար: Նշենք, որ ԵՊՀ առաջին պատվավոր դոկտորի կոչումը 1926 թ.-ին շնորհվել է Ֆրիտյոֆ Նանսենին:  

 

«Մեր 60-ամյա ինստիտուտի հիմնադրման առաջին օրերից հայ գիտնականներն ակտիվ մասնակցել են դրա կայացման ու զարգացման գործում: Իսկ մյուս տարի նշելու ենք արդեն անկախ Հայաստանի հետ համագործակցության 25-ամյակը: Մեզ համար կարևոր է ձեր երկրի հետ կապերը, և հիմա ծրագրում ենք հետագա համագործակցությունը»,- ասում է Վիկտոր Մատվեևը:

 

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը զբաղվում է միջուկային և էլեմենտար մասնիկների ֆիզիկայի խնդիրներով: Հայ գիտնականներն ակտիվ մասնակցում են ուսումնասիրություններին՝ մեծապես նպաստելով այս ոլորտների զարգացմանը նաև մեր երկրում: Ինստիտուտին անդամակցում են 18 երկրներ: Այսօր Դուբնայում աշխատում են Հայաստանից գործուղված 12 գիտնականներ, որոնք մասնակցում են գրեթե բոլոր խոշոր ծրագրերին:

 

Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էր նաև հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ով հայտնաբերել է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Այն անվանակոչվել է հենց գիտնականի անունով՝ «Օգանեսոն»: Պաշտոնական հաստատումը կլինի նոյեմբեր ամսին:

Այլ նորություններ
«ԽԵԼԱՑԻ ԲՋԻՋՆԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ». ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մերիլենդի համալսարանի գիտնականները մշակել են տեխնիկա, որը կստիպի բակտերիալ խմբավորումներին (ասոցիացիաներ) ինքնուրույն աշխատել միասին:
«ԿՈՄՊԱԿՏ ԱՍՏՂԵՐԻ ԵՎ ՌԵԼԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին։