Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Մայր բուհ այցելած աշակերտներին ֆակուլտետում դիմավորեցին դեկան Ռոլանդ Ավագյանը և դեկանի տեղակալ Լևոն Ասլանյանը:
«Մենք պետք է գերենք դիմորդներին ֆիզիկայի գեղեցկությամբ: Ամենաբնականը և դիտարժանը օպտիկան է, այդ իսկ պատճառով ֆակուլտետի կառուցվածքից հետո աշակերտներին դա ենք ներկայացնում, պատմում ենք մի շարք հետաքրքիր երևույթների մասին, ցուցադրում այն ամենը, ինչ հնարավոր է»,- նշեց Լևոն Ասլանյանը:
Օպտիկայի ամբիոնի դասախոս Արթուր Կիրակոսյանն էլ աշակերտներին ցուցադրեց ֆակուլտետի սարքավորումների մի մասը, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Ստեփանակերտի ավագ դպրոցի աշակերտ Ստեփան Համբարձումյանը հետաքրքրվում է ֆիզիկայի ոլորտով և ցանկանում է ուսումը շարունակել Երևանում. «Ծանոթացա նոր սարքավորումների հետ: Այստեղ տեսա այն, ինչ դպրոցում չէինք անում: Հանդիպումը հետաքրքիր էր, տեղեկատվությունը՝ նոր»: