31.01.2018 | 
Քաղաքականություն
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ
ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Այս տարի նույնպես շարունակվում են Երևանի մի շարք ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների այցերը Երևանի պետական համալսարան:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական բաց դռների օրերը տեղի ունեցան ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ֆիզիկայի, հայ բանասիրության և աստվածաբանության ֆակուլտետներում:

 

Հունվարի 22-ին Երևանի համար 170 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Նրանք հանդիպեցին Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հարությունյանի հետ: Դպրոցականները ծանոթացան նաև ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին:

 

«Բյուրակն» կրթահամալիրի աշակերտների ճանաչողական այցը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ տեղի ունեցավ հունվարի 25-ին: Նրանք հանդիպեցին ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի հետ, այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դասախոս էլմիրա Կարապետյանը:

 

«Զեկուցում ներկայացրինք աստղագիտության և բնագիտության վերաբերյալ: Աստղագիտության դերը շատ մեծ է մարդու աշխարհաճանաչման գործում: Աշակերտները հետաքրքրված էին, թեմայի վերաբերյալ նաև որոշակի իմացություն ցուցաբերեցին»,- նշեց ԵՊՀ դասախոսը:

 

 

Հունվարի 30-ին էլ Հայ բանասիրության ֆակուլտետում Երևանի հ. 114, հ. 139, հ. 94, հ. 184, հ. 198, հ. 195, հ. 170, հ. 54, հ. 159, հ. 182, հ. 103, «Բյուրակն» և «Հերացի» ավագ դպրոցների աշակերտները ներկա գտնվեցին Լևոն Շանթի «Հին աստվածներ» ծրագրային թեմայով դասախոսությանը, որը ներկայացնում էր Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

Հ. 170 ավագ դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Դանիելյանը հումանիտար թեքումով իր դասարանի հետ առաջին անգամ էր այցելում Մայր բուհ. «Երեխաների համար շատ կարևոր է ուսուցչի խոսքից հետո լսել ավելի բարձր խոսք:  Սա շատ լավ առիթ է աշակերտի համար, քանի որ նա միանգամից մեկ ուրիշ, իր համար երազային աշխարհում է հայտնվում: Այդ իսկ պատճառով այս շփումները շատ նպատակահարմար են»:

 

Նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Մանուչարյանը նշեց, որ հստակ որոշել է՝ ուզում է ընդունվել ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ և դառնալ թարգմանչուհի. «Մեծ սպասումներով և սիրով եմ եկել, շատ էի ուզում ներսից տեսնել և ծանոթանալ ապագա համալսարանիս հետ: Դպրոցում վերջերս ենք անցել Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման, շատ հետաքրքիր է լսել նաև այդ թեմայով դասախոսությունը»:

 

Զրուցելով աշակերտների հետ՝ նկատեցինք, որ մեր զրուցակիցներից բոլորը կարևորում են ԵՊՀ կատարած ճանաչողական այցերը հատկապես այն պատճառով, որ մինչև ընդունվելը հնարավորություն են ունենում լինելու այն մասնաշենքերում, որտեղ շարունակելու են իրենց ուսումը դպրոցն ավարտելուց հետո, հաղորդակից լինելու համալսարանական միջավայրին, ինչպես նաև հանդիպելու և լսելու այն դասախոսների դասախոսությունները, ովքեր դասավանդելու են իրենց հետագայում:

 

Հ. 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկը, ով նույնպես մասնակցում էր հանդիպմանը, ասաց. «Վաղուց եմ որոշել, որ դիմելու եմ ԵՊՀ և ուսումնասիրելու եմ տեղեկատվական անվտանգությունը: Այսպիսի ճանաչողական այցերի մասնակցել եմ նաև այլ համալսարաններում, բայց վերջնական ընտրությունս կանգ առավ ԵՊՀ-ի վրա: Այսօր եկել եմ ավելի շատ տեղեկություններ ստանալու: ԵՊՀ-ում սովորող ընկերներս ասացին, որ այստեղ կարող եմ լավ ծրագրավորող դառնալ: Ինձ հենց դա էլ պետք է: Ուզում եմ իմ ապագա բուհում ինձ լավ մասնագետ դարձնեն»:

 

Հ. 97 ավագ դպրոցի փոխտնօրեն Փառանձեմ Խաչատրյանն էլ նշում է, որ ողջունելի է բուհի այս նախաձեռնությունը, որի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ճիշտ կողմնորոշվելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները. «Այցելությունների միջոցով ստեղծվում է աշակերտ-բուհ կապը: Մենք միշտ պատրաստակամ ենք, մասնակցում և մասնակցելու ենք այցերին: Դպրոց վերադառնալուց հետո մեր տպավորությունների մասին պատմում ենք մյուս բոլոր աշակերտներին, քանի որ այսօր սահմանափակ թվով դպրոցականներ կարողացան ներկա գտնվել»:

 

 

Այս ամսվա վերջին հանդիպումը Երևանի հ. 114, հ. 105, հ. 94, հ. 184, հ. 182, հ. 54, հ. 159, հ. 29, հ. 195, հ. 170 և «Բյուրակն» ավագ դպրոցների աշակերտների և համալսարանականների հետ տեղի ունեցավ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում հունվարի 31-ին: Ֆակուլտետի դասախոսները ներկայացրին «Քրիստոնեական բարոյագիտություն» թեմայով դասախոսություն: Այնուհետև դպրոցականները շրջեցին ֆակուլտետում, եղան գրադարանում և որպես նվեր՝ ստացան գրքեր:

 

«Հանդիպումը կարելի է կոչել «գեղեցիկ զրույց» դպրոցականի և համալսարանականի միջև: Նայելով այս երիտասարդների ուսումնատենչ և լուսահամբույր աչքերին՝ մենք կարող ենք ասել, որ նրանք իսկապես գիտեն՝ ուր են եկել, ինչ են փնտրում և ինչ են վաղը սովորելու»,- նշեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի աստվածաբանության ամբիոնի դասախոս Նարինե Միրզոյանը:

 

Հավելենք, որ շարունակվելու են ոչ միայն Մայր բուհ կատարվող ճանաչողական այցելությունները, այլև համալսարանականների այցերը ավագ դպրոցներ:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը: