26.09.2016 | 
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 25-ին Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից իրականացվող համերգ-մրցանակաբաշխությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 20-ին Մայր բուհում մեկնարկել էր Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնը, որը նվիրված է ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակներին: Այն անցկացվում էր երեք ուղղություններով՝ կոմպոզիտորական մրցույթ, գրական մրցույթ, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթ: 

 

Մինչ մրցանակաբաշխության հանդիսավոր անցկացումը փառատոնի մասնակիցները ԵՊՀ մշակույթի կենտրոնում և Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը մասնակցել են վարպետության դասերի, լսել մասնագետների կարծիքներն ու հանդես եկել մի շարք առաջարկություններով: Հատկանշական է, որ կոմպոզիտորական մրցույթի մասնակիցները մրցույթի երկրորդ փուլն անցկացրին Դիլիջանում՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի գլխավորությամբ: Փառատոնի մասնակիցներին հյուրընկալվել էր նաև Ամերիկայի հայկական թանգարանի տնօրեն Պերճ Չեքիջյանը:

 

 

Ամփոփիչ համերգ-մրցանակաբաշխությանը ներկա էին ոչ միայն ժյուրիի անդամներ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Total Art» մշակութային ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը, կոմպոզիտոր Կոստանտին Պետրոսյանը, այլև «Գրական Տապան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող հայազգի և արտասահմանյան հայտնի գրողներ, ինչպես նաև «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի կարծիքով՝ առաջին անգամ այս ձևաչափով անցկացվող փառատոնը ոչ միայն բացահայտում է անկախության սերնդի տաղանդավոր ձայներին, այլև նրանց հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, նրանց առջև բացում դռներ, որոնք նպաստելու են հետագա հաջողություններին ու ձեռքբերումներին. «Անկախության տոնը այլ կերպ նշել հնարավոր չէր, և մենք որոշեցինք փառատոնը նվիրել մի քառորդդարյա պատմության, որի երիտասարդները ստեղծագործում են և ունեն լուրջ ասելիք: Հավելեմ, որ փառատոնը ներառված է Անկախության տոնի շրջանակներում Մայր բուհում անցկացվելիք միջոցառումների ցանկում, որն այսուհետ պարբերական բնույթ կունենա, և մեր նպատակն է այն դարձնել միջազգային»:

 

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արմեն Սիմոնյանը, ով գրական մրցույթի «Լավագույն չափածո» անվանակարգում հաղթող է ճանաչվել, մեզ հետ զրույցում նշեց, որ ստեղծագործում է 15 տարեկանից, բայց երբեք մտքով չի անցել հանրայնացնել իր բանաստեղծությունները: Դիմել է մրցույթին, քանի որ գրական ասպարեզում ունի լուրջ ասելիք, և նրա համար շատ կարևոր է հայտնի գրականագետների կարծիքներն ու դիտարկումները լսելը»:

 

 

Մրցույթ-փառատոնի հաղթողները ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից պարգևատրվեցին խորհրդանշական՝ խնձորե արձանիկներով՝ ԵՊՀ տարբերանշանով: Լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթում խրախուսական մրցանակի արժանացածներին ՀՀ լուսանկարիչների միությունը տրամադրեց ֆոտոալբոմներ: «Total Art» մշակութային ՀԿ-ն Հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նունե Հարությունյանին ընձեռեց հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակցելու, իսկ ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ՝ Տիգրան Գրիգորյանին երգի ձայնագրության հնարավորություն: Իսկ ահա գրական մրցույթի լավագույն երկու ստեղծագործողներին էլ «Անդին» ամսագիրը տրամադրեց մեկ տարվա անվճար բաժանորդագրություն և տպագրվելու հնարավորություն: 

 

Հ.Գ.:  Տեղեկացնենք նաև, որ գրական մրցույթում լավագույնը ճանաչված ստեղծագործությունները հրատարակվելու են «Գրական համալսարան» գրքում:

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: