19.03.2015 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՏԵՍԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ»
«ՄԵՆՔ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ՏԵՍԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ»
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցան դասախոսություն և ֆիլմի ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը և նշեց. «Քանի որ 2015 թ.-ը հիշատակման տարի է, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում է նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի այսօրվա դասախոսությունը՝ նվիրված Մեծ եղեռնին»:

 

Աշոտ Մելքոնյանն էլ ասաց, որ իր համար մեծ պատիվ է ԵՊՀ-ում  դասախոսությամբ հանդես գալը և հավելեց, որ իր դասախոսությունն ամենևին ողբի ու լալկանության մասին չի լինելու, այլ շոշափելու է Ցեղասպանության խնդիրը քաղաքական տեսանկյունից, քանի որ խնդիրն ի սկզբանե քաղաքական է եղել, ինչը, սակայն, մեզանում հաշվի չի առնվել:

 

Բանախոսը խոսեց ինչ-ինչ պատճառներով խնդիրը քանիցս լռեցնելու և կրկին վերարծարծելու, մեծ տերությունների քաղաքականության, Թուրքիայի ժխտողական կեցվածքի, տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, հայերի պահանջատիրության և մեր ապագա անելիքների մասին:

 

«1920 թ.-ին մեծ տերությունները որոշեցին ստեղծել Ազգերի լիգա, որը կզբաղվեր ոչ միայն անհետացող բուսատեսակների ու կենդանատեսակների հարցերով, այլև առավել մեծ ուշադրություն կդարձներ վերացող էթնոսների խնդրին: Եվ առաջինը Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջն էր, ով բարձրաձայնեց հայերի՝ որպես տեսակի վերացման վտանգի մասին»,- նշեց Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ  թեև 1915 թ.-ից սկսած խոսվել է հայերի զանգվածային կոտորածների մասին, սակայն խնդիրն առ այսօր մնում է չլուծված:

 

Պատմաբանը փաստեց, որ խնդիրը քաղաքական է, այն գիտական չէ և պետք է լուծվի իրավաքաղաքական դաշտում. «Մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, այլև այնպիսի փաստաթղթի ստեղծումը, որը դատապարտելի կհամարի նաև հայրենիքից զրկելը: Մենք հատուցել ենք մեր արյամբ ու հայրենիքով, այժմ հերթը Թուրքիայինն է»:

 

Ամփոփելով դասախոսությունը ՝ բանախոսը կարևորեց հայերի` պահանջների առումով մաքսիմալիստ լինելը, մինչդեռ մենք, ցավոք սրտի, միշտ նվազագույն պահանջներ ենք ներկայացրել՝ վերջում կանգնելով կոտրած տաշտակի առաջ. «Մենք առաջիկայում լուրջ անելիքներ ունենք և առանց մեր հայրենիքը վերադարձնելու կշարունակենք մնալ զրկված ու բարդույթավորված»:

 

Դասախոսության ավարտից հետո ցուցադրվեց 2007 թ.-ին նկարահանված «Արարատ» ֆիլմը: 10 հոգուց կազմված հայ գիտնականների խումբը եռօրյա վերելքից հետո հաղթահարում է Արարատի 5165 մետրանոց բարձրությունը և օգոստոսի 10-ին՝ Սևրի դաշնագրի 87-ամյակի օրը, հասնում լեռնագագաթ՝ այնտեղ ծածանելով հայոց եռագույն դրոշն ու պարելով հայկական «Քոչարին»:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին հետաքրքիր դասախոսության, կարևոր շեշտադրումներ կատարելու, ինչպես նաև մեր հետագա պայքարի ուղղություններն ուրվագծելու համար: 

Այլ նորություններ
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ: