25.09.2015 | 
Մշակույթ
ԵՍ ՔՈ ՄԱՍՆԻԿՆ ԵՄ, Ի՛Մ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՍ ՔՈ ՄԱՍՆԻԿՆ ԵՄ, Ի՛Մ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Արդեն ավանդույթ դարձած ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն անցկացվեց սեպտեմբերի 24-ին: Այս տարի այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ ռեկտորատի, Մշակույթի կենտրոնի ջանքերով, Ուսանողական խորհրդի աջակցությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մայր բուհի բակում միախառնվել էին տոնական համերգի հնչյունները, շփոթված դեմքերը, հպարտ հայացքներն ու հուզաթաթախ ժպիտները:


Համալսարանականի բարձր կոչումը ստանալու և այսուհետ այն արժանապատիվ ու արժանավայել կրելու համար առաջին կուրսեցիներին խրախուսելու և շնորհավորելու էին եկել ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ և բոլոր ժամանակների համալսարանականներ:


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը միջոցառման ողջույնի իր խոսքում շնորհավորեց առաջին կուրսեցիներին և կոչ արեց նրանց հավատարիմ մնալ երդմանը և իրենց համարել լիիրավ համալսարանականներ:


«Երևանի պետական համալսարանի ուսանող դառնալը մեծ պատիվ է, այս շենքի կամարների տակ քայլելը մեծագույն պատիվ է, և ես սրտանց շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Երևանի պետական համալսարանն իր ուժերի ներածի չափով կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի դուք կարողանաք մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի ձևավորվեք որպես Հայաստանի Հանրապետության արժանագույն քաղաքացիներ, որպես արժանավայել հայեր: Ձեզ հաջողություն, ձեզ բարի երթ, սիրելի՛ առաջին կուրսեցիներ»:


Այս տարի բոլոր առաջին կուրսեցիների անունից բեմահարթակից իրենց երդումը հնչեցնելու պատասխանատվությունը վստահված էր Պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արկադի Լալազարյանին և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ագնեսա Շափաղաթյանին:


Եվ երդվեցին, որ բարձր են պահելու ու արժանի են լինելու կրել ԵՊՀ ուսանողի բարձր կոչումը, որ սիրելու են կրթության դարբնոցը, լույս սփռող դասախոսներին:


Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչքան ժամանակ էլ անցնի, միևնույնն է, հայ ժողովրդի սրտերում դաջված ու աչքերում արտացոլված ցավը երբեք չի մոռացվի, և պատահական չէ, որ այս տարվա միջոցառումը նվիրված էր հենց 100-ամյա տարելիցին: Չէ՞ որ հենց այս սերունդն է, որ դատապարտում ու փոխհատուցում է պահանջելու աշխարհից: Եվ չէ՞ որ համալսարանի հիմնադրումն էր, որ եղեռնապուրծ հայ ժողովրդի կյանքին նոր իմաստ ու նոր երանգ հաղորդեց:


Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով առաջին կուրսեցիներին ողջունեցին և շնորհավորեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, պարի, թատրոն-ստուդիայի սաները, նոր ձևավորված ժողովրդական գործիքների համույթը, ԵՊՀ ՈՒԽ ազգագրական պարերի համույթը, «Երգող համալսարանական» մրցույթի մասնակիցները և հատուկ հրավիրված հյուրերը: Տոնական երեկոն վարեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Մարի Գրիգորյանը և նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Էդուարդ Հովհաննիսյանը:

 

Միջոցառման ավարտին հանդիսավարները շնորհակալություն հայտնեցին բոլոր աջակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ուսանողական կառույցներին, համալսարանական մի շարք ստորաբաժանումների, միջոցառման գլխավոր բեմադրիչ և ռեժիսոր, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին, մասնակիցների հագուստների ձևավորող ՀՀ վաստավոր նկարիչ Աննա Հարությունյանին և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` օրը տոնական դարձնելու և միջոցառման կայացմանը մեծապես նպաստելու համար:

 

Միջոցառման բոլոր նկարները կարող եք դիտել պատկերասրահում՝ Առաջին կուրսեցիների երդման արարողություն

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԸ
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հին հայկական տարազը» թեմայով զրույց-դասախոսություն:
ՀՆՉԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՖԻԼՄԵՐԻ ՍԻՐՎԱԾ ԵՐԳԵՐԸ
Նոյեմբերի 28-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Ճանաչված ֆիլմերի սիրված երգեր» խորագրով ռետրո համերգը: