01.09.2016 | 
Կրթություն
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՊՀ. ՄԱՅՐ ԲՈՒՀՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՊՀ. ՄԱՅՐ ԲՈՒՀՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՐ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
Գիտելիքի, գրի և դպրության օրվան նվիրված միջոցառումները քիչ չէին նաև Մայր բուհի ֆակուլտետներում. տոնական մթնոլորտ ապահովողները նորաթուխ համալսարանականներն էին:

Գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության կարևոր դրսևորումներից է, և պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և գիտելիքի օր: Այդ օրն առանձնահատուկ նշանակություն ունի նաև բուհ ընդունված առաջին կուրսեցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում բուհի կամարներից ներս: Այդ կապակցությամբ ԵՊՀ 19 ֆակուլտետներում առաջին կուրսեցիներին ընդունեցին մեծ ցնծությամբ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն առաջին կուրսեցիներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ իրենց ուսումնառության տարիներին նույնպես շարունակվելու են վերջին շրջանում համալսարանում իրականացվող ուսումնագիտական բարեփոխումները. «Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԵՊՀ ընդունվելու կապակցությամբ ու ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ձեռք բերելու, այլև մարդկային արժանապատիվ կեցվածքի և երկրի լիարժեք քաղաքացու ձևավորման տարիներ»:

 

Պատահական չէ նաև այն փաստը, որ առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառումներն իրականացնողներն ուսանողական կառույցների ներկայացուցիչներն էին: ԵՊՀ ՈՒԽ և ՈՒԳԸ ֆակուլտետային ներկայացուցիչները, ուսանողական կառույցները հանգամանորեն ներկայացնելուց զատ, առաջին կուրսեցիներին տեղեկացնում էին նաև դրանց գործառույթների, իրականացվող միջոցառումների և նպատակների մասին:

 

 

«Բարի գալուստ համալսարան» արտահայտությունից զատ՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ուսանողներին ցանկանում էին կրթական և գիտական ձեռքբերումներ, ուսանողական հագեցած կյանք ու մասնագիտական հաջողություններ, ինչպես նաև հորդորում լինել ակտիվ ու նախաձեռնող:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները նորեկների համար տեսաֆիլմ էին պատրաստել, որտեղ ներկայացված էին ֆակուլտետն ավարտած այն շրջանավարտները, ովքեր այսօր թերթերի խմբագիրներ, հայտնի լրագրողներ են, ինչպես նաև այլ կարևոր պաշտոններ են զբաղեցնում:

 

Բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն իրենց առաջին դասն անցկացրին Կոմիտասի անվան պանթեոնում: Հայ մեծանուն գործիչների շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից մի քանիսը, ովքեր եղել են նրանց ժամանակակիցները, պատմեցին հուշեր, ներկայացրին այնպիսի դեպքեր, որոնք քչերին են հայտնի:

 

Աստվածաբանության ֆակուլտետում էլ ուսանողներին մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին: Ֆակուլտետի ղեկավարությունն ու դասախոսները նրանց ծանոթացրին ուսումնական գործընթացին, շրջեցին նոր վերանորոգված ամբիոններում և ուսանողական ծառայություններ մատուցող կենտրոնում:

 

 

Ապագա աստվածաբաններին ողջունեց ու բարի երթ մաղթեց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Դուք մի մասն եք համալսարան ընդունված ավելի քան 3000 առաջին կուրսեցիների և այն ուսանողներն եք, ովքեր պատիվ կունենան 2019 թ.-ին մասնակցելու Մայր բուհի 100-ամյակի տոնակատարությանը»:

 

Նշենք, որ առաջին կուրսեցիներին նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները կշարունակվեն նաև առաջիկա օրերին և կամփոփվեն սեպտեմբերի 16-ին՝ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողությամբ:

Այլ նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ կորեերենի լսարանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնական բազայում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մշակութային միջոցառման նպատակն էր նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը և կրթամշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը։
ԵԼՀ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը Գերմանական տնտեսական միավորման անդամ Իսմայիլ Շեկին հանձնեց շնորհակալագիր՝ երախտագիտություն հայտնելով ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնին նվիրաբերած դասագրքերի համար: Կազմակերպված հանդիպման ընթացքում բիզնես ոլորտի ներկայացուցիչները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով՝ ներկայացնելով կրթության և հատկապես գերմաներենի իմացության դերը բիզնեսում հաջողություն գրանցելու հարցում: