«Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի համագործակցության արդյունքում այսօր համալսարանում տեղի ունեցավ «Gaudeamus» ֆիլմերի փառատոնի հանդիսավոր բացումը: Այս փառատոնը, բացի Երեւանի պետական համալսարանից, կազմակերպվում է ՀՀ մի քանի բուհերում եւս` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայ-ռուսական (Սլավոնական), համալսարաններում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
«Քանի որ սովորաբար ուսանողները հուլիս ամսին քաղաքում չեն լինում եւ չեն կարողանում մասնակցել փառատոնին, իսկ այսպիսի ֆիլմեր չդիտելը աշխարհի հետ մտածել փորձող մարդու համար մեծ բացթողում է, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք բուհերում պարբերաբար ցուցադրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լավագույն ֆիլմերը»,- ասում է կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ողջունելով ուսանողներին, հայտնեց իր ափսոսանքը, որ դահլիճը լեփ-լեցուն չէ հետաքրքրված աչքերով, սակայն նա նաեւ հույս հայտնեց, որ հետագա դիտումների ժամանակ նրանց թիվը կավելանա: ԵՊՀ-ում առաջիկա յուրաքանչյուր չորեքշաբթի` ժամը 14:30-ին, նախատեսված է ցուցադրել երեք ֆիլմ երեք տարբեր լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն ու պարսկերեն: Առանձնացվել է որոշակի թիրախային լսարան` Ռոմանագերմանական բանասիրության եւ Արեւելագիտության ֆակուլտետների ուսանողները, ովքեր ուսումնասիրում են այդ լեզուները, սակայն դա չի նշանակում, որ մուտքն ազատ չէ ցանկացած հետաքրքրվողի համար:
Առաջինը դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա» ֆիլմն էր, որ այսօր ցուցադրվեց բացման արարողությունից անմիջապես հետո: Կինոգետ Դավիթ Վարդազարյանը մինչ ֆիլմի դիտումը ուսանողներին ներկայացրեց այն` խոսելով այնտեղ առկա գեղագիտության, օգտագործված երաժշտության, համաշխարհային մամուլում դրա վերաբերյալ բանավեճների մասին: Դեկտեմբերի 7-ին կցուցադրվի ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմը, իսկ դեկտեմբերի 14-ին` իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրությունները կվերսկսվեն հաջորդ ուսումնական կիսամյակից` փետրվարից: