28.11.2017 | 
Ուսանողական
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Այսօր IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցավ «Work/Life Balance» խորագրով սեմինար:

ԵՊՀ ԻԿՄ ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն համատեղ իրականացնում են «Technotalk»-երի շարք, որի շրջանակներում հյուրընկալում են իրենց ոլորտում հաջողություններ գրանցած հայտնի ծրագրավորողների: Այս անգամ ուսանողների հյուրը «Fimetech» ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանն էր։

 

Սեմինարի ընթացքում բանախոսը խոսեց գործատուների հետ շփումների, աշխատանքային ներքին խոհանոցի, գործընկերների հետ փոխհարաբերությունների կարևորության, ինչպես նաև այն հմտությունների մասին, որոնց ուշադրություն են դարձնում աշխատանքի ընդունելիս:

 

Գոռ Վարդանյանի խոսքով՝ կարևոր է, որ աշխատաշուկա նոր ոտք դնող ուսանողները կարողանան իրենց մասնագիտական ապագան կապել ճիշտ և օրինակելի ընկերությունների հետ, առաջ շարժվել և ազատ լինել իրենց աշխատանքը կազմակերպելու հարցում:

«Ուսանողները ժամանակի ընթացքում շատ են առաջ գնում, ավելի գրագետ են դառնում, բայց աշխարհն էլ է զարգանում: Պետք է ամեն բան անենք, որ մեր ուսանողները ժամանակին համահունչ քայլեն»,- ասաց Գոռ Վարդանյանը:

 

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Կարեն Համբարձումյանը նշեց, որ եթե մինչ այս ծրագիրը ՈՒԽ-ն կազմակերպում էր հիմնականում ժամանցային, իսկ ՈՒԳԸ-ն այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում խորը մասնագիտական գիտելիքներ էին փոխանցում ուսանողներին, ապա այս դեպքում դրանք զուգորդվում են, և արդյունքում իրականացվում են նմանօրինակ սեմինարներ:

 

«Կոնկրետ այս սեմինարի ընթացքում ուսանողները ստացան մոտիվացիա, տեղեկություններ և հմտություններ, օրինակ՝ ինչպես կարելի է կառավարել կյանքը, ժամանակը, ինչպես օրվա ընթացքում ժամանակ հատկացնել աշխատանքի, ընտանիքի, ընկերների և հանգստի համար»,- ասաց Կարեն Համբարձումյանը:

 

Ինչպես նշեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էլմիրա Սարգսյանը, այս սեմինար-քննարկումը երրորդն էր. սեմինարների այս շարքը կրելու է պարբերական բնույթ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…