22.10.2021 | 
Կրթություն
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համագործակցության շրջանակում այսօր օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ նվիրված իրավաբանական կլինիկական կրթության զարգացմանը:

Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Դեյվիդ Էյլը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող համագործակցային ծրագիրը ներառում է հիմնական երեք բաղադրիչ՝ փոխգործակցություն արդարադատության ոլորտի հետ, միջոլորտային և ակադեմիական համագործակցություն. «Հենց ակադեմիական համագործակցության շրջանակում էլ մենք աշխատում ենք ԵՊՀ-ի հետ, որի արդյունքում իրականացնում ենք խորհրդատվական ծառայություն՝ ուղղված մագիստրոսական որոշ ծրագրերի, ինչպես նաև իրավաբանական կլինիկական կրթության բարելավմանը»:

 

Իրավաբանական կլինիկաները, Դեյվիդ Էյլի խոսքով, կարևոր դեր և նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն են ընձեռում ուսանողներին ստանալու փորձնական հմտություններ և գործնականում ծանոթանալու արդարադատության համակարգի առանձնահատկություններին:

 

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանի խոսքով, իրավաբանական կլինիկաներն իրավական կրթության կարևոր բաղադրիչներից են, քանի որ դրանք գործնական կարևոր հմտություններ են տալիս. «Հաճախորդների համար էլ դրանք կարևորվում են, քանի որ հնարավորություն են տալիս ստանալու անվճար և որակյալ իրավաբանական ծառայություններ»:

 

 

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանն ասաց, որ ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի համատեղ նախաձեռնությունը սկիզբ է առել դեռևս 2019 թվականին: Նրա խոսքով, այսօրվա աշխատաժողովի հիմնական նպատակն է ապահովել իրավաբանական կլինիկաների զարգացումը Հայաստանում,  մասնավորապես ԵՊՀ-ում, ինչպես նաև որպես ուսումնական բաղադրիչ՝ դրա լիարժեք ներդնումը:

 

Իրավաբանական կլինիկական կրթության զարգացման հեռանկարներին նվիրված աշխատաժողովին այսօր մասնակցում էին ինչպես Իրավագիտության ֆակուլտետի և Ռաուլ Վալլենբերգի անվան ինստիտուտի, այնպես էլ հայաստանյան Հայաստանի ամերիկյան համալսարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Ռուսաստանից և Բելառուսից, որոնք միջոցառման ընթացքում ներկայացրին, թե իրենց երկրներում ինչ ճանապարհ է անցել իրավաբանական կլինիկաների կայացումը:

 

 

Մեզ հետ զրույցում Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Դավթյանն ասաց, որ աշխատաժողովի արդյունքում ակնկալվում է հաստատել տարբեր համալսարանների իրավաբանական կլինիկաների համագործակցություն. «Այսօրվա աշխատաժողովի նպատակներից է ցույց տալ, թե ինչպես կարելի է ընդլայնել համագործակցությունը»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
 «YSU-KRISP AI LAB» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «AI CONF ARMENIA 2022» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ԵՊՀ-ՈՒՄ
«YSU-Krisp AI Lab» («ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ») գիտակրթական հետազոտական կենտրոնը մեծ նվաճում է ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացման գործում։ Կենտրոնի բացման շրջանակում կազմակերպվեց նաև «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում էին ոլորտի հմուտ մասնագետներ։
ԵՊՀ-ՈՒՄ ԿՈՐԵԵՐԵՆ Է ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՋՈՆ ՄՈՒՆԻՆ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ջոն Մունին 2020 թվականի սեպտեմբերից դասավանդում է կորեերեն։ Դասախոսի հետ զրուցել ենք համալսարանում ծավալած գործունեության, կրթական միջավայրի և այլ հարցերի շուրջ։